Վարչապետը կաթողիկոսի հեռացումից ու տեղապահի ընտրությունից հետո կարևորում է Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր Կանոնագրքի ընդունումը
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման՝ իր առաջարկած ճանապարհային քարտեզի համատեքստում կարևորում է Եկեղեցու կողմից նոր Կանոնագրքի մշակումն ու ընդունումը։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»–ի իր էջում հրապարակված տեսանյութով։
«Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման՝ իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունմանը։ Այդ օրակարգը պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաոնանադրությունը, որի մեջ ասվում է, որ մոտ ապագայում կազմվելու է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրություն (սահմանադրություն), որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի։ Ստացվում է՝ Կտրիճ Ներսիսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց կանոնադրությունը՝ համապարփակ Կանոնագիրքը չկա»,-ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը նկատեց՝ 2011 թվականից անցել է 14 տարի, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ կաթողիկոսի առաջնորդությամբ։
Ըստ վարչապետի՝ այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որ որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում։
«Հետևաբար շատ կարևոր է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի հեռացումից և տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր Կանոնագրքի մշակմանն ու ընդունմանը, որտեղ հստակ, թափանցիկ կանոններ կգործեն, որոնք տեսանելի կլինեն ոչ միայն հոգևորականներին, այլ նաև հանրությանը։ Եվ մեզ բոլորիս պարզ կլինի, թե եկեղեցին ինչ արժեքներով է ապրում, և որոնք են նրանց նկատմամբ հանրային ու ներքին վերահսկողության մեխանիզմները»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։