Մոլդովայի ԱԳ նախարարը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալու ճանապարհային քարտեզի մասին․ Moldpres
2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ Եվրոպական միության պատժամիջոցներին Մոլդովայի միանալու ճանապարհային քարտեզը կներառի այդ միջոցառումների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ու մեխանիզմները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։
Նա նշել է, որ փաստաթուղթը հաշվի կառնի համապատասխանեցման տնտեսական և սոցիալական ազդեցությունը և կներառի այն մեղմելու միջոցառումներ:
Պաշտոնյան ընդգծել է, որ բոլոր պետական հաստատությունները, մասնավորապես՝ համապատասխան նախարարություններն ու մարմինները, առաջիկա շաբաթներին կներկայացնեն ճանապարհային քարտեզը պատրաստելու համար անհրաժեշտ առաջարկներն ու ներդրումները:
Նախարարի խոսքով՝ զուգահեռաբար կնախապատրաստվեն պատժամիջոցների կիրարկման մեխանիզմները։ Նա հավելել է, որ այս գործընթացը պետական հաստատություններից զգալի ջանքեր կպահանջի՝ հաշվի առնելով ընդգրկված ոլորտների մեծ թիվն ու փաթեթի բարդությունը։
«2014 թվականից ի վեր մինչ օրս, Եվրոպական հանձնաժողովն այս առնչությամբ հաջորդական որոշումներ է ընդունել, որոնց Մոլդովան չի միացել։ Այժմ անհրաժեշտություն կա վերանայելու ամբողջ փաթեթը։ Խոսքը հարյուրավոր էջեր կազմող որոշումների, և, առաջին հերթին, այն մեխանիզմների մասին է, որոնք պետք է ներդնենք, ինչպես նաև մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին՝ ապահովելու այն իրավական հիմքը, որն անհրաժեշտ է այդ պատժամիջոցները կիրառելու համար։ Սա բանակցային գործընթացի հստակ պայման չէ, սակայն այս ուղին ենթադրում է նաև համապատասխանեցում Եվրոպական միության արժեքներին և արտաքին քաղաքականությանը։ Այս փուլում մենք աստիճանաբար միացել ենք 41 ռեժիմներից 38-ին, և ժամանակն է ջանքեր գործադրել մնացած ռեժիմներին միանալու հիմքերը նախապատրաստելու ուղղությամբ»,- նշել է Պոպշոյը։
Փաստաթուղթը կմշակվի մինչև 2027 թվականի հունվարի վերջը։