Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA
2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովան «Երկրաջերմային էներգիան և բուլղարական ջերմոցների արդիականացումը» խորագրով խորհրդաժողովի և գործարար ֆորումի ժամանակ հայտնել է, որ 2026 թվականին Սոֆիայի շրջանում խորքային երկրաջերմային ռեսուրսների հետազոտման թույլտվություն ստանալու համար արդեն իսկ ներկայացվել է երեք հայտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Sofia Balkan Palace հյուրանոցում անցկացվող միջոցառումը, որը կազմակերպվել է Նիդեռլանդների դեսպանության և Նիդեռլանդների ձեռնարկատիրական գործակալության կողմից, նոյեմբերի 24-26-ը տեղի ունեցող նորարարական ֆորումի մի մասն է կազմում։
Բուլղարիայում խորքային երկրաջերմային ռեսուրսների շահագործման առաջին կոնցեսիան փետրվարին տրամադրվել է Զլատոգրադ համայնքին։ Նախարարի խոսքով՝ նախագիծը նախատեսում է 19,7 մեգավատտ դրվածքային հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում։
Պետրովան հիշեցրել է 2023 թվականին ընդունված «Ընդերքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին, որոնցով խորքային երկրաջերմային էներգիան դասակարգվել է որպես ընդերքի ռեսուրսների առանձին կատեգորիա։ Սա իրավական հիմք է ստեղծել դրա հետազոտման և արդյունահանման համար։
Նախարարը նաև նշել է, որ Էներգետիկայի նախարարությունը, Համաշխարհային բանկի աջակցությամբ և «Վերականգնման և դիմակայունության ազգային ծրագրի» շրջանակներում տրամադրված ֆինանսավորմամբ, ստեղծել է երկրաջերմային լաբորատորիա։ Արդյունքում երկրաջերմային ռեսուրսների վերաբերյալ առկա տվյալներն այժմ հասանելի են շահագրգիռ կողմերին նախարարության կայքի միջոցով։
Պետրովան ընդգծել է, որ առկա ներուժը կենսունակ ներդրումային ծրագրերի վերածելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, տեխնոլոգիաներ, կապիտալ և գործընկերային կապեր։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Նիդեռլանդների հետ համագործակցությունը։