Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին՝ ներկայացնելով երկրում միգրացիոն իրավիճակն ու ոլորտի վերջին փոփոխությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Նիստին մասնակցել են ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը։
Իրինա Դավթյանը ներկայացրել է միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերջին փոփոխությունները։ Անդրադառնալով միգրացիոն հոսքերի վերահսկման Հայաստանի փորձին՝ նա խոսել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կենսաչափական և տեսահսկման համակարգերի կիրառման, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելման միջոցառումների մասին։
Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։ Ստորագրվել են խորհրդի համապատասխան որոշումները։