Աստղագիտական կրթությունից՝ աստղագիտական ձեռնարկատիրություն․ CAP2026-ի օրակարգը բազմաբնույթ է
6 րոպեի ընթերցում

Երևանում ընթացող Միջազգային աստղագիտական միության՝ աստղագիտության հանրայնացման միջազգային համաժողովը (CAP2026) հագեցած է հետաքրքիր և ուշագրավ զեկույցներով։ Բանախոսների ներկայացրած գաղափարների, առաջարկների և ուսումնասիրությունների արդյունքների արժեքավորության մասին են վկայում դրանց շուրջ ծավալվող աշխույժ քննարկումները։
Համաժողովի օրակարգն այնքան խիտ է, որ երբեմն միաժամանակ երեք ելույթ է ներկայացվում անցկացման վայրի տարբեր դահլիճներում՝ առկա և հեռավար ձևաչափով։ Դրանց ավարտին հեղինակները համբերատար և հնարավորինս մանրամասն անդրադառնում են ունկնդիրների հարցերին։
Զեկույցների հեղինակներից մի քանիսի հետ զրուցել է «Արմենպրես»-ի թղթակիցը։
Միջազգային աստղագիտական միության՝ աստղերի անվանակոչման աշխատանքային խմբի նախագահ, Բեռլինի Ազատ համալսարանի հնագույն ժամանակների գիտելիքների պատմության ինստիտուտի գիտաշխատող, աստղաֆիզիկոս Սյուզաննա Հոֆմանը նշեց, որ գիտական աշխատանքին զուգահեռ ակտիվորեն ներգրավված է պլանետարիումների և թանգարանային ցուցադրումների կազմակերպմանը։

«Խորհրդատվություն եմ տրամադրում ցուցադրությունների, պլանետարիումային նախագծերի, աստղագիտության տարբեր թեմաների շուրջ, որոնք վերաբերում են թե՛ պատմական հարցերին, թե՛ ժամանակակից աստղաֆիզիկային։ Իրականացրել եմ կրթական տարբեր նախագծեր, ժամանակին մասնակցել եմ տիեզերագիտական և աստղագիտական ճամբարների հիմնմանը և կազմակերպմանը, իսկ այժմ այդ հարցում խորհուրդներով օգնում եմ երիտասարդներին»,- ներկայացրեց նա։
Սյուզաննա Հոֆմանի հետազոտությունները նվիրված են մշակութային աստղագիտությանը։ Նա մասնագիտացած է հունա-բաբելոնական աստղագիտության պատմության և մաթեմատիկայի ոլորտում, բայց նաև ուսումնասիրում է եվրասիական այլ մշակույթների աստղագիտությանը նվիրված նյութեր։ Դասավանդում է աստղագիտություն, ինֆորմատիկա և գիտության պատմություն։
Պատասխանելով աստղերի անվանակոչման գործընթացի մանրամասների և աստղերին այդ թվում հայկական անուններ և անվանումներ շնորհելու հնարավորության վերաբերյալ մեր հարցին՝ Սյուզաննա Հոֆմանն ասաց․
«Գործող կարգի համաձայն՝ անզեն աչքով տեսանելի բոլոր աստղերը կարող են անվանակոչվել Երկիր մոլորակի տարբեր ժողովուրդներին առնչվող անուններով։ Ընտրվում են հնագույն մշակույթներից վերցված անվանումներ, որոնք կարող են հաստատվել միայն մանրամասն ուսումնասիրվելուց և գիտական տարբեր աղբյուրներով հիմնավորվելուց հետո։ Շուրջ 6 հազար այդպիսի աստղ կա։ Մինչև վերջերս ընդամենը 325 աստղ ուներ անվանում, իսկ հիմա դրանց քանակը հասնում է մոտ 500-ի։
Ավելի թույլ տեսանելիության աստղերը կարող են անվանակոչվել պատահական ընտրությամբ որոշված անվանումներով։ Միջազգային աստղագիտական միությունը երբեմն նույնիսկ նախաձեռնում է անվանակոչման արշավներ՝ հանրությանն առաջարկելով տարբերակներ ներկայացնել։ Դրանց թվում կարող է լինել, օրինակ, որևէ լեզվում օգտագործվող «շնորհակալություն» բառը։
Միջազգային աստղագիտական միությունը ողջունում է անվանակոչության առաջարկները։ Կազմակերպությունը ծանոթանում է դրանց վերաբերյալ հանրության կարծիքին, ստուգում է առաջարկի համապատասխանությունը ուղեցույցներին և հստակեցնում՝ արդյոք այդ անվանումն արդեն շնորհված չէ, օրինակ, որևէ աստերոիդի։ Միայն այս բոլոր ընթացակարգերից հետո ենք որոշում կայացնում տվյալ անվանման վերաբերյալ»։

Փարիզի ESSCA կառավարման դպրոցի ռազմավարության, ձեռներեցության և միջազգային բիզնեսի ամբիոնի պրոֆեսոր Քրիստոֆեր Ուիլյամսն անդրադառնալով իր մասնագիտացման ոլորտին՝ նշեց, որ այն, ընդհանուր առմամբ, առնչվում է ընկերությունների գործունեությանը և նրանց միջև մրցակցության ծավալման առանձնահատկությունների ուսումնասիրությանը։

«Մենք նաև ուսումնասիրում ենք առաջնորդությունը, ռազմավարությունները, կազմակերպությունների կառուցվածքն ու կառավարումը։ Այս համաժողովին մասնակցությունս պայմանավորված է այն հանգամանքով, որ հետազոտության շրջանակում ուսումնասիրում եմ, թե ինչպես են մրցակցում և համագործակցում աստղագետները։ Օրինակ՝«James Webb» և «Hubble» տիեզերական աստղադիտակներով աշխատող աստղագետները։
Սակայն, ինձ նաև հետաքրքրում է, թե ինչպես են աստղագետները հաղորդակցվում հանրության հետ։
Իմ դիտարկմամբ՝ ներկայում իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններ չափազանց ձեռնարկատիրական բնույթ ունեն, իսկ ձեռնարկատիրությունը հենց մեր ուսումնասիրության ոլորտն է։ Կարծում եմ՝ հետաքրքիր կապ և հատման կետեր կան աստղագիտության ոլորտի և այն աշխատանքի միջև, որը իրականացնում ենք բիզնես դպրոցներում։ Ավելի հարմար բնորոշման բացակայության պայմաններում դա կարող ենք անվանել «աստղագիտական բիզնես»։ Իմ ընկալմամբ՝ աստղագիտությունն ու ձեռներեցությունը, մեծ տարբերություններով հանդերձ, նաև փոխգործակցության հնարավորություններ ունեն։
Ըստ այդմ, կարծում եմ, որ բիզնես դպրոցները պետք է ավելի սերտ համագործակցեն աստղագետների հետ։ Այս ուղղությամբ, թերևս, հնարավոր համագործակցության սկզբնական փուլում ենք»,- եզրափակեց Քրիստոֆեր Ուիլյամսը։

