2 րոպեի ընթերցում
Երևանի կենդանաբանական այգում արդեն մեկ տարի է՝ բնակվում են Հարավային Աֆրիկայի էնդեմիկները՝ սպիտակապոչ գնուները, որոնք ոչնչացման եզրին էին գտնվում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ասաց, որ կենդանատեսակը արհեստական բազմացման և վերադարձի ծրագրերի շնորհիվ հաջողվել է փրկել ։
«Մեզ մոտ մեկ ընտանիք է. երկու էգ և մեկ արու, ինչպես նաև նրանց՝ նախորդ տարի ծնված ձագը։ Բավականին լիարժեք ընտանիք ունենք»,-ասաց նա։
Երևանի կենդանաբանական այգին, հավատարիմ իր բնապահպանական գործառույթներին, Կառավարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն վերադարձի ծրագիրը։
«Հայաստանի ֆաունայում հանդիպում են չորս տեսակ անգղեր: Բոլորն ընդգրկված են և՛ Հայաստանի, և՛ միջազգային կարմիր գրքերում: Անգղերի և բեզուարյան այծերի՝ անազատ պայմաններում բազմացման հաջող ծրագիր նույնպես իրականացնում ենք այգում»,-նշեց Ասլանյանը։
Այգում ակտիվորեն շարունակվում են նաև բարեկարգման աշխատանքները, նոր ազատավանդակներ են կառուցվում թռչունների համար, հին ազատավանդակներն էլ ամբողջությամբ վերաթարմացվում են։
«Կենդանաբանական այգում իրականացվում են ոչ միայն ընթացիկ բարեկարգման աշխատանքներ , այլ նաև ժամանակակից նորմերին համապատասխանեցնելու գործընթաց»,-հավելեց այգու փոխտնօրենը։
Երևանի կենդանաբանական այգում ապրում է 160-ից ավելի տեսակ և 800-ից ավելի առանձնյակ: Կենդանիների ցանկն անընդհատ թարմացվում և համալրվում է, թե ինչ նոր կենդանիներով, փակագծերը դեռ չեն բացում. հունիսի 1-ին՝ տարեշրջանի բացմանը, այգու անակնկալն է լինելու այցելուներին։