2 րոպեի ընթերցում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների գրանցած արդյունքները։
«Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էինք բոլոր քաշային կարգերում: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանից, որը դեռևս երիտասարդների տարիքային խմբում է հանդես գալիս, մեծ սպասելիքներ ունեինք, նա այս անգամ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նա կարող է մրցունակ լինել մեծահասակների պայքարում: Անկախ մարզիկների փորձից՝ բոլորի հետ մեծ աշխատանք է պետք կատարել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:
Խոսելով առաջնության ընթացքում մրցավարների կատարած աշխատանքից՝ մարզիչն ասաց, որ դրա մասին խոսելն անիմաստ է։ Նրա խոսքով՝ մարզիկներն ավելի շատ պետք է աշխատեն, որպեսզի մրցավարական որոշումները մեծ ազդեցություն չունենան իրենց գոտեմարտերի վրա։
Մարզչի խոսքով` Եվրոպայի առաջնությունում հավաքականի երիտասարդ մարզիկները գոհացնող աշխատանք են կատարել:
Բաբալարյանն առանձին խոսեց նաև Մալխաս Ամոյանի մասին, որը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի է արժանացել։
«Մալխաս Ամոյանից, իհարկե, բոլորն են շատ բան սպասում, բայց հիմա է ճիշտ ժամանակը բարձրաձայնելու, որ նա թոքաբորբ ուներ և լավացել էր միայն Եվրոպայի առաջնության մեկնարկից 7 օր առաջ: Առանձնակի կուզեմ նշել Մալխաս Ամոյանի կամային հատկանիշները։ Ամեն ըմբիշ չէ, որ կպայքարեր մինչև վերջ նման իրավիճակում»,-շեշտեց մասնագետը:
Ըստ մասնագետի, ի տարբերություն եվրոպական այլ թիմերի՝ իր գլխավորած հավաքականը լավ պայքար է տվել բոլոր քաշերում:
«Ինձ համար ամեն ինչ գերազանց կլինի, երբ կհաղթենք բոլոր քաշային կարգերում»,-ասաց նա:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, արծաթե մեդալ նվաճեց Սուրեն Աղաջանյանը և բրոնզին արժանացան Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը: