Սպորտ

Արմեն Բաբալարյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Արմեն Բաբալարյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների գրանցած արդյունքները։

«Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էինք բոլոր քաշային կարգերում: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանից, որը դեռևս երիտասարդների տարիքային խմբում է հանդես գալիս, մեծ սպասելիքներ ունեինք, նա այս անգամ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նա կարող է մրցունակ լինել մեծահասակների պայքարում: Անկախ մարզիկների փորձից՝ բոլորի հետ մեծ աշխատանք է պետք կատարել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:   

Խոսելով առաջնության ընթացքում մրցավարների կատարած աշխատանքից՝ մարզիչն ասաց, որ դրա մասին խոսելն անիմաստ է։ Նրա խոսքով՝ մարզիկներն ավելի շատ պետք է աշխատեն, որպեսզի մրցավարական որոշումները մեծ ազդեցություն չունենան իրենց  գոտեմարտերի վրա։

Մարզչի խոսքով` Եվրոպայի առաջնությունում հավաքականի երիտասարդ մարզիկները  գոհացնող աշխատանք են կատարել:

Բաբալարյանն առանձին խոսեց նաև Մալխաս Ամոյանի մասին, որը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի է արժանացել։

«Մալխաս Ամոյանից, իհարկե, բոլորն են շատ բան սպասում, բայց հիմա է ճիշտ ժամանակը բարձրաձայնելու, որ նա թոքաբորբ ուներ և լավացել էր միայն Եվրոպայի առաջնության մեկնարկից 7 օր առաջ: Առանձնակի կուզեմ նշել  Մալխաս Ամոյանի կամային հատկանիշները։ Ամեն ըմբիշ չէ, որ կպայքարեր մինչև վերջ նման իրավիճակում»,-շեշտեց մասնագետը:

Ըստ մասնագետի, ի տարբերություն եվրոպական այլ թիմերի՝ իր գլխավորած հավաքականը լավ պայքար է տվել բոլոր քաշերում:  

«Ինձ համար ամեն ինչ գերազանց կլինի, երբ կհաղթենք բոլոր քաշային կարգերում»,-ասաց նա:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, արծաթե մեդալ նվաճեց Սուրեն Աղաջանյանը և բրոնզին արժանացան Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում