Մարզեր

Ամասիա համայնքի մի շարք բնակավայրեր բնական գազ կունենան

2 րոպեի ընթերցում

Ամասիա համայնքի մի շարք բնակավայրեր բնական գազ կունենան

Շիրակի մարզի Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվելու են բնական գազի ներքին ցանցերի կառուցման աշխատանքներ, որոնք կկատարվեն սուբվենցիոն ծրագրերով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ամասիայի համայնքապետարանից, Գտաշեն բնակավայրում բնական գազի ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73 մլն 380.289 դրամ։ Հաշվի առնելով բնակավայրի սահմանամերձ լինելու հանգամանքը՝ համայնքի ֆինանսական մասնակցությունը սահմանվել է 40%՝ 29 մլն 352.116 դրամ, իսկ պետության համաֆինանսավորումը կազմում է 60%՝ 44 մլն 028.173 դրամ։ Ծրագրի իրականացման նպատակով շինարարի ընտրության մրցույթն արդեն ավարտվել է, և հայտնի է աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը։

Համայնք-պետություն համագործակցությամբ նախատեսվում է նաև Ամասիա համայնքի Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերում բնական գազի ներքին ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 92 մլն 468.838 դրամ։ Համայնքի ֆինանսավորումը կկազմի 45%՝ 41 մլն 610.977 դրամ, իսկ պետության համաֆինանսավորումը՝ 50 մլն 857.861 դրամ։

«Նշված ծրագրի շրջանակում ևս շինարարի ընտրության մրցույթն արդեն կայացել է, և հայտնի է աշխատանքներն իրականացնող ընկերությունը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը՝ հավելելով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն եղանակային պայմանների բարելավման հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում