Մարզեր

Շիրակում ԱՀԱ համակարգով 2026 թվականի 1-ին եռամսյակում սպասարկվել է ավելի քան 110 հազար քաղաքացի

3 րոպեի ընթերցում

Շիրակում ԱՀԱ համակարգով 2026 թվականի 1-ին եռամսյակում սպասարկվել է ավելի քան 110 հազար քաղաքացի

Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգը Շիրակի մարզում հիմնարար ազդեցություն է ունեցել ծառայությունների հասանելիության բարձրացման վրա, հատկապես խոցելի խմբերի համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի կողմից սպասարկվել է 110 հազար 416 ապահովագրական դեպք։

Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, մարզային խորհրդի նիստի ժամանակ ներկայացնելով 2026 թվականի առաջին եռամսյակի գործունեության ամփոփիչ տվյալները, տեղեկացրել է, որ առողջության համընդհանուր ապահովագրությունն ապահովել է բժշկական բազմաթիվ ծառայությունների հասանելիությունը մեծ թվով շահառուների համար։ Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում սպասարկված 110 հազար 416 ապահովագրական դեպքերի ֆինանսավորումը կազմել է 506 մլն 542 հազար դրամ։ ԱԱՊ-ի կողմից սպասարկվող բնակչության թվով պայմանավորված ֆինանսավորումը կազմել է 247 մլն 678 հազար դրամ, իսկ ընդհանուր ֆինանսավորման ծավալը հասել է 754 մլն 220 հազար դրամի։

Ապահովագրության համակարգի ներդրումը նպաստել է բժշկական հաստատությունների բյուջե լրացուցիչ ֆինանսական միջոցների ներհոսքին, ինչի արդյունքում հնարավոր է եղել զգալիորեն նվազեցնել տարիներով կուտակված կրեդիտորական պարտքերը։ Եթե 2025 թվականը բժշկական հաստատությունները փակել էին 105 մլն 457 հազար դրամ պարտքով, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այն կազմում է 26 մլն 194 հազար դրամ։ Այսպիսով, կրեդիտորական պարտքը նվազել է շուրջ 79 մլն 281 հազար դրամով։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հենց համընդհանուր ապահովագրության ներդրումն է։ «Միայն Շիրակի մարզի ամբուլատոր ծառայություններից արդեն օգտվել է ավելի քան 11 հազար քաղաքացի, շատերն օգտվել են նաև անվճար դեղորայքից։ Այս ծրագրի շնորհիվ բուժհաստատությունները կարողացել են մարել իրենց պարտքերը, ինչպես նաև բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,-նշել է մարզպետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում