«Հատուկ գույքադարանը» կշարունակի ծառայել Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներին
3 րոպեի ընթերցում

Գյումրիի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնում բացված «Հատուկ գույքադարանը» կշարունակի իր առաքելությունը: Գույքադարանը հատուկ հարմարեցված գույքով սենյակ է, որտեղից հատուկ կարիքներով երեխաների ծնողները կարող են գույքն անվճար հիմունքներով փոխառել և կիրառել տանը։ Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ ապահովելով վերականգնողական և օժանդակ սարքավորումների հասանելիությունը։
Գյումրիի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ ամփոփելու «Հատուկ գույքադարանի» աշխատանքները: Միջոցառմանը ներկա էին GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգը, Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Քեթրին Բուդեր-Պելցը, այլ հյուրեր: Միջոցառման պատասխանատուները, կարևորելով նախաձեռնությունը, առանձնահատուկ շեշտեցել են նմանատիպ գույքադարանների առկայության անհրաժեշտությունը հատկապես մարզերում, որտեղ մասնագիտական սարքավորումների հասանելիության խնդիրն առավել սուր է զգացվում:

«Այս ծրագիրն օգնում է, որ երեխայի միջավայրն ավելի բազմազան ու հարմարեցված դառնա: Հատուկ կարիքներով երեխաների համար առանձնահատուկ կարևորություն ունի անհրաժեշտ պայմանների ապահովումը և հարմարեցված միջավայրի ստեղծումը, որը տան պայմաններում բավականին բարդ է: Անհրաժեշտ հատուկ գույքը Հայաստանում ձեռք բերելը հեշտ չէ, և բացի այդ, ժամանակի ընթացքում երեխայի կարիքները փոխվում են, ուստի նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտություն է առաջանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է «ՍՈՐՍ» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարինա Պարազյանը:
Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղադրված գույքադարանից կարող են օգտվել ինչպես կենտրոնի, այնպես էլ Գյումրիի մանկատան սաները։ Ծրագրի շրջանակում տարեկան մինչև 150 ծանր ու միջին ծանրության խնդիրներ ունեցող երեխա ստանում է անհրաժեշտ աջակցություն։ Միաժամանակ հատուկ վերապատրաստում անցած մասնագետներն աշխատում են ծնողների հետ՝ գույքի օգտագործումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Այս պահին Հայաստանում արդեն գործում է նմանատիպ 10 գույքադարան: Գույքը տրամադրվում է որոշակի ժամկետով, որից հետո այն վերադարձվում է, և ընտանիքը կարող է դիմել այլ՝ տվյալ փուլում երեխայի կարիքներին համապատասխանող գույքի ստացման համար: