Շիրակի մարզում 2025-ին քաղաքաշինական ծրագրերի ծավալն աճել է 42 տոկոսով
3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում 2025 թվականին իրականացվել են 29 մլրդ 641 մլն 938 հազար դրամի քաղաքաշինական ծրագրեր, ինչը 42 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, 2026 թվականի առաջին եռամսյակում ևս քաղաքաշինական ծրագրերի ծավալը չի նվազել, այլ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մարզային խորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը տեղեկացրեց, որ մարզում միաժամանակ իրականացվել են կրթական, առողջապահական և ճանապարհաշինական մի շարք խոշոր նախագծեր։
Նրա խոսքով՝ հաշվետու տարում ընթացել են 13 դպրոցի կառուցման և 29 դպրոցի վերանորոգման աշխատանքներ։ Բացի այդ, իրականացվել են 6 մանկապարտեզի կառուցման, ինչպես նաև ևս 3 մանկապարտեզի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներ։
Առողջապահական ոլորտում 2025 թվականին իրականացվել և շարունակվում են Արթիկի բժշկական կենտրոնի, Պեմզաշենի, Ախուրիկի և Հացիկի ամբուլատորիաների կառուցման աշխատանքները։
Ճանապարհաշինության ոլորտում ևս զգալի ներդրումներ են կատարվել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2025 թվականին իրականացվել է 11 ճանապարհաշինական ծրագիր, որոնցից 8-ը՝ ընդհանուր 39 կմ երկարությամբ, եղել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 6 մլրդ 832 մլն 781 հազար դրամ արժեքով։
2026 թվականի առաջին եռամսյակում ևս քաղաքաշինական ծրագրերի ծավալը չի նվազել, այլ, ըստ ներկայացված տվյալների, աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են 10 դպրոցի և 4 մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքները՝ ընդհանուր 24 մլրդ 756 մլն 446 հազար դրամ արժեքով։ Բացի այդ, շարունակվում են մի շարք դպրոցների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները։
Ճանապարհաշինության շրջանակում մարզում իրականացվում է ընդհանուր 17,7 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգում՝ շուրջ 2,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։