Podcast-Հարց բժշկին. ինչ հիվանդություն է կարմիր քամին և ինչպես տարբերել այն մաշկի այլ խնդիրներից

4 րոպեի ընթերցում

Կարմիր քամին մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակային ծագման սուր հիվանդություն է։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ կարմիր քամին շարունակում է մնալ տարածված և երբեմն նաև վտանգավոր։  

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում թեմայի շուրջ  զրուցել ենք  բժիշկ-վարակաբան, վարակաբանության գծով ԱՆ խորհրդատու Արմեն Օհանյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ կարմիր քամին ինֆեկցիոն հիվանդություններից է, որն ունի «գեղեցիկ անուն», սակայն իրականում բակտերիալ վարակ է՝ հիմնականում ստրեպտակոկային, երբեմն նաև ստաֆիլակոկային ծագմամբ։  Օհանյանը նշում է, որ հիվանդության անվանումը պայմանավորված է մաշկի կարմրությամբ։

«Հիվանդությունը հիմնականում ախտահարում է մաշկը՝ առավել հաճախ վերջույթների շրջանում, սակայն կարող է ի հայտ գալ մարմնի ցանկացած հատվածում։ Այն առանձնանում է նրանով, որ ուղեկցվում է ոչ միայն տեղային, այլև ընդհանուր ախտանշաններով՝ բարձր ջերմությամբ, ինքնազգացողության կտրուկ վատացմամբ, սրտխառնոցով և թուլությամբ»,- ասաց մասնագետը:

Մասնագետը նշեց, որ փոխանցման առումով հիվանդությունը մեծ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար։ Այն ավելի հաճախ կապված է օրգանիզմում արդեն առկա բակտերիաների ակտիվացման հետ, երբ խաթարվում է մաշկի պաշտպանական շերտը.

«Ստրեպտակոկը կարող է լինել մաշկի վրա, և երբ այն վնասվում է, կարող է ներթափանցել օրգանիզմ: Հիվանդության սկիզբը սովորաբար սուր է․ սկզբում ի հայտ է գալիս ընդհանուր թուլություն և բարձր ջերմություն, ապա՝ ցավ ախտահարված հատվածում, որին հաջորդում է կարմրությունը։ Ժամերի կամ օրերի ընթացքում այն կարող է զարգանալ՝ առաջացնելով  ջրով լցված բշտեր և նույնիսկ արյունազեղումներ»,- պարզաբանեց մասնագետը:

Նրա խոսքով՝ կարմիր քամին կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ հանդիպում է մեծահասակների շրջանում՝ հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ։ Օհանյանը նշում է, որ այն ավելի շատ պայմանավորված է ուղեկցող հիվանդություններով, օրինակ՝ անոթային խնդիրներով կամ վիրահատություններից հետո առաջացած վիճակներով։ Միևնույն ժամանակ, հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև լիովին առողջ երիտասարդների մոտ։

«Հիվանդությունն ունի նաև սեզոնայնություն։ Գարնան սկզբին նկատվում է դեպքերի աճ, և այժմ մենք գտնվում ենք սեզոնի պիկում։ Այս շրջանում ակտիվանում են նաև  այլ ստրեպտակոկային վարակները։ Վիճակագրական հստակ տվյալներ ընդհանուր առմամբ չեն հավաքագրվում, սակայն մենք մեր պրակտիկայում հստակ աճ ենք նկատում»- նշեց Օհանյանը։

Վարակաբանն ընդգծեց, որ ժամանակին չբուժվելու դեպքում կարմիր քամին կարող է առաջացնել լուրջ բարդություններ։ Դրանց թվում են վարակի տարածումը արյան մեջ (սեպսիս), ինչպես նաև ենթամաշկային բջջանքի ախտահարումներ՝ ցելյուլիտ կամ թարախակույտեր. «Այս բարդությունները արդեն կյանքի համար վտանգավոր են: Իսկ բժշկին դիմելիս էլ կարևոր է ճիշտ կողմնորոշվել, քանի որ ոչ բոլոր դեպքերում է կարմրությունը  կարմիր քամի։ Եթե կա բարձր ջերմություն և ընդհանուր ինքնազգացողության վատացում՝ մաշկի կարմրության հետ միասին, պետք է հնարավորինս շուտ դիմել վարակաբանի»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ միայն կարմրության դեպքում, առանց ընդհանուր ախտանշանների, դա, որպես կանոն, կարմիր քամի չէ։

Կանխարգելման համար մասնագետը խորհուրդ տվեց  պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել մաշկի վնասումից և վնասվածքների դեպքում անմիջապես ախտահանել դրանք։

Թեմայի շուրջ մի շարք  այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները: 

Հայերեն

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով