Գյումրիում ներքաղաքային տրանսպորտը ապրիլի 10-ից կաշխատի ամառային աշխատանքային գրաֆիկով
1 րոպեի ընթերցում

Գյումրիում ներքաղաքային տրանսպորտը ապրիլի 10-ից կանցնի ամառային աշխատանքային գրաֆիկի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, փոփոխությունների նպատակը ուղևորափոխադրումների որակի բարելավումն է և տրանսպորտի հասանելիության ապահովումը նաև երեկոյան ժամերին։
Համայնքապետարանից տեղեկացրին նաև, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի հանձնարարականով իրականացվող փոփոխությունների շրջանակում ժամանակացույցով տրանսպորտային միջոցները կաշխատեն առավոտյան 07:30-ից մինչև 22:00-ը՝ նախկին 21:00-ի փոխարեն։ Միևնույն ժամանակ, երեկոյան ժամերին ուղևորահոսքի նվազման պայմաններում, ժամը 18:00-ից հետո շարժակազմի թվաքանակն աստիճանաբար կկրճատվի, ինչի հետևանքով կավելանան շարժման միջակայքերը․ ցերեկային ժամերին դրանք կկազմեն մոտ 10 րոպե, իսկ երեկոյան՝ 30-40 րոպե, իսկ մինչև ժամը 22:00-ը երթուղիներում կգործեն հերթապահ մեքենաներ։ Համայնքապետարանը փոփոխություններ է կատարել նաև որոշ երթուղիներում։
Չնայած իրականացվող քայլերին՝ ոլորտում խնդիրները դեռ շատ են։ Ներկայում Գյումրիում օրական երթուղի է դուրս գալիս շուրջ 83-84 տրանսպորտային միջոց, որոնք սպասարկում են 8 երթուղի։