Արթիկ համայնքն արդիականացնում է աղբահանության համակարգը. ձեռք են բերվել նոր աղբամաններ և տեխնիկա
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Արթիկ համայնքում շարունակվում են աղբահանության որակի բարձրացմանն ու սանիտարական մաքրման համակարգի արդիականացմանն ուղղված լայնածավալ աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից, համայնքային միջոցների հաշվին զգալի ներդրումներ են կատարվել տեխնիկական պարկի թարմացման և գույքի ձեռքբերման ուղղությամբ՝ ձեռք են բերվել «HOWO» և «SHACMAN» մակնիշի նոր աղբատարներ։ Բացի այդ, 95 միլիոն 510 հազար դրամով գնվել է 1500 նոր, ժամանակակից պլաստմասե աղբաման։
2026 թվականի հունվարից համայնքի ամբողջ տարածքի աղբահանությունն իրականացնող «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում է նոր աղբամանների տեղադրման և հների փոխարինման գործընթացը։ Աշխատանքներն ընդգրկում են Արթիկ քաղաքը և համայնքի բոլոր 23 գյուղերը։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։