Մարզեր

Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը վերաբացվել է նոր և ընդարձակ տարածքում

2 րոպեի ընթերցում

Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը վերաբացվել է նոր և ընդարձակ տարածքում

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոնի նոր՝ ավելի ընդարձակ և հարմարավետ տարածք։

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ Օհաննես Ջոն Խաչիկյանի որդու՝ Լութեր Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ։ «Այս կենտրոնը հիմնվել է ՀԱՆ-ի կողմից 2015 թվականին մեկնարկած մարզային ակնաբուժական ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ ծրագրի շրջանակում։ Մեր երկարամյա գործընկերների հետ գործակցությամբ շարունակաբար զարգացնում ենք մարզային ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի հասանելի։ Այս տարի նախատեսում ենք ստեղծել ևս մեկ ախտորոշման կլինիկա Արարատի մարզում, ինչի արդյունքում ՀԱՆ-ը նշանակալի ներկայություն կունենա ՀՀ բոլոր մարզերում»,-նշել է Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Գյումրիի բժշկական կենտրոնից,  ակնաբուժական կենտրոնի տեխնիկական հզորացումը կրում է շարունակական բնույթ. 2021 թվականին այն համալրվել է ցանցաթաղանթի վիրահատությունների համար նախատեսված վերջին սերնդի համակարգերով և նորագույն միկրոսկոպով, ինչը թույլ է տվել զարգացնել վիտրեոռետինալ ծառայությունը։ Տեխնիկական հագեցվածությանը զուգահեռ՝ ՀԱՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում տեղի բուժանձնակազմի վերապատրաստմանը։ Գյումրի պարբերաբար այցելող ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջատար վիրաբույժները տեղի մասնագետների հետ իրականացնում են բարդ վիրահատություններ և փորձի փոխանակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում