Կամո բնակավայրում շուտով 24-ժամյա ջրամատակարարում կապահովվի
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում շուտով 24-ժամյա ջրամատակարարում կլինի։ Ախուրյանի համայնքապետարանը «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության» (ACTED) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ 2026 թվականին կիրականացնի «Աղբյուրից մինչև ծորակ. Շիրակի մարզի Կամո բնակավայրում անվտանգ և կայուն խմելու ջրի հասանելիության ապահովում» ծրագիրը։
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, ծրագիրը քննարկվել է համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, ծրագրի ղեկավար Մարգարիտա Հակոբջանյանի և թիմի ղեկավար Ռամի Ալնատուրի հանդիպման ընթացքում։
Նախագծի շրջանակներում կիրականացվեն ջրավազանների և սնող ջրագծերի կառուցման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37 մլն ՀՀ դրամ, որը համաֆինանսավորվելու է Ախուրյանի համայնքապետարանի և SICASIL-ի կողմից։ Աշխատանքների ավարտին Կամո բնակավայրում կհաստատվի շուրջօրյա ջրամատակարարում։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ գործակցության համար, իսկ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ համայնքի զարգացման։