Շիրակի մարզի առողջապահական առաջնային օղակում բնակչության բարձր դիմելիություն է գրանցվել
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի առողջապահական առաջնային օղակում գրանցվել է բնակչության բարձր դիմելիություն, ընդ որում՝ սպասարկված քաղաքացիների զգալի մասը բաժին է ընկել Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներին։ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող առողջապահական 19 հաստատությունում մարտի 18-ի դրությամբ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում սպասարկվել է ընդհանուր առմամբ 82 հազար 728 քաղաքացի։
«Արմենպրես»-ի թղթակցին Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ առողջության համընդհանուր ապահովագրության մեկնարկից մինչ օրս Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկան սպասարկել է 14 հազար 799 բնակչի, իսկ Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա է դիմել 14 հազար 52 քաղաքացի։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև «Բեռլին» պոլիկլինիկայում, որտեղ սպասարկվել է 13 հազար 393 բնակիչ և Գյումրիի Ն. Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում, որտեղից օգտվել է 10 հազար 600 քաղաքացի։
Բժշկական ծառայություններից օգտվողների թվում 8 հազար 867 բնակիչ սպասարկվել է Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնում, իսկ 8 հազար 4 բնակիչ՝ Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայում։ Զգալի ծանրաբեռնվածությամբ են աշխատել նաև մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող գյուղական բոլոր ամբուլատորիաներն ու առողջության կենտրոնները՝ ապահովելով բժշկական օգնության հասանելիությունը մարզի ողջ տարածքում։