Տարածաշրջանի երկրներն Իրանի թշնամին չեն. Կատարի ԱԳ նախարարը հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները
2 րոպեի ընթերցում
Կատարը չի պատրաստվում որպես միջնորդ հանդես գալ Իրանի համար, քանի որ երկիրը շարունակում է հարձակման ենթարկվել Թեհրանի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի արտաքին գործերի պետական նախարար Մոհամմեդ բին Աբդուլազիզ ալ-Խուլայֆին։
Նա նշել է, որ թե՛ Կատարը, թե՛ Օմանը ենթարկվել են հարձակման, չնայած որ աշխատում էին «կամուրջներ կառուցել Իրանի և Արևմուտքի միջև»։
«Մենք չենք կարողանա կատարել այդ դերը հարձակման տակ, և դա այն է, ինչ իրանցիները պետք է հասկանան», - ասել է ալ-Խուլայֆին։
Նա հավելել է, որ տարածաշրջանային երկրների վրա իրանական կողմի հարձակումները որևէ մեկին օգուտ չեն տա։ «Տարածաշրջանային երկրները Իրանի թշնամին չեն, և իրանցիները չեն հասկանում այդ գաղափարը»,- ասել է արտգործնախարարը։
Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հորդորելով Իրանին ու ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ միջնորդավորված լուծում գտնելու համար։
«Մենք նաև կարծում ենք, որ կայուն և երկարատև լուծման այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը», - ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Կատարը «ամենախիստ կերպով դատապարտում է Կատար պետության վրա անհիմն և անպատշաճ հարձակումները, որոնք անմիջականորեն ազդում են նրա ինքնիշխանության վրա»։
Նրա խոսքով՝ Դոհան կշարունակի ձեռնարկել «բոլոր հնարավոր և օրինական միջոցները՝ ինքնապաշտպանության այս ագրեսիայից պաշտպանվելու համար»։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներից հետո իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել տարածաշրջանային երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանական հրթիռներ են արփակվել Կատարի, Օմանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի նկատմամբ։