Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հունիսի 4-ին հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը ժամանակավորապես կշարունակեն գործողությունները Լիբանանում և չեն դուրս գա երկրից՝ չնայած հայտարարված նոր հրադադարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

Իսրայելն ու Լիբանանը հունիսի 3-ին համաձայնության էին եկել նոր հրադադարի շուրջ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո։ Համաձայն պայմանավորվածության՝ Լիբանանում գործող զինված «Հեզբոլլահ» խմբավորումը, որը չի մասնակցել բանակցություններին, պետք է դադարեցնի բոլոր հարձակումները Իսրայելի վրա և իր ուժերը դուրս բերի Լիբանանի հարավում՝ Լիտանի գետից հարավ ընկած տարածքից։

Կացը, սակայն, նշել է, որ Իսրայելը դեռևս կշարունակի ռազմական գործողությունները երկրում՝ առնվազն այս փուլում, և դուրսբերման հարց չի քննարկվում։

Նա հայտնել է, որ Իսրայելի բանակը կմնա հարավային Լիբանանի այն տարածքներում, որոնք ներկայում գտնվում են իսրայելական վերահսկողության տակ՝ որպես այսպես կոչված «բուֆերային գոտի», որը, ըստ Իսրայելի կառավարության, նախատեսված է հյուսիսային իսրայելական համայնքները «Հեզբոլլահ»-ի հարձակումներից պաշտպանելու համար։

Նա նաև ասել է, որ հարյուր հազարավոր լիբանանցիներ, որոնք մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները, դեռևս չեն կարող վերադառնալ։

Ըստ Կացի՝ Իսրայելը կշարունակի նաև «տարածքում ահաբեկչական ենթակառուցվածքների ապամոնտաժումը»։ Նրա խոսքով՝ Իսրայելն ունենալու է «գործողությունների ազատություն՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, հարվածներ հասցնելու Բեյրութին՝ ի պատասխան իսրայելական համայնքների և տարածքի դեմ հարձակումների»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում