«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
3 րոպեի ընթերցում

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» հեղինակավոր մրցույթում, որն Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, հյուրընկալվեց Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Նա կատարեց Միկոլայ Մայկուսիակի «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ տեղը զբաղցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։ Նա կատարեց Էմանուել Սեժուռնինի Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար գործը։
Հայաստանի պատվիրակը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
«Դասական Եվրատեսիլ»-ին մասնակցեցին ջութակահարներ, դաշնակահարներ, կլարնետահար, ակորդեոնահար, ֆլեյտահար, մարիմբահարներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից:
Բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես եկան Հայաստանի ազգային ֆոլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Երեկոյի հաղորդավարներն էին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը։
Հաղթողը որոշվեց ժյուրիի քվեարկության արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում էին գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։
«Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն էին: Մրցույթի կարգախոսն էր՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայանում էր որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության միավորման հարթակ։
Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։