Մշակույթ

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

3 րոպեի ընթերցում

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» հեղինակավոր մրցույթի հաղթողը՝ Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը, մրցույթի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ շատ հուզված է, ոգևորված ու երջանիկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակորդեոնահարն ընդգծեց՝ երբ բեմում է, փորձում  է երևակայությամբ իր սեփական աշխարհը ստեղծել, խաղաղություն փոխանցել հանդիսատեսին և ներդաշնակ լինել գործիքի հետ։

Երաժիշտը, որը մրցույթին կատարեց Միկոլայ Մայկուսիակի «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունն, ասաց, որ սիրում է կատարել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների գործեր։

Անդրադառնալով մրցույթին՝ նկատեց՝ այն հիանալի էր, բոլոր մրցակիցներն ինքնատիպ էին ու տաղանդավոր։ Ընդգծեց՝ երբեք չի մոռանա եվրատեսիլյան երեկոն։ Նա բոլոր սկսնակ երաժիշտներին հորդորեց երբեք չհանձնվել և հավատալ սեփական ուժերին։

Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչներն էլ ուրախությամբ նշեցին, որ հպարտանում են իրենց մասնակցով և ուրախ են, որ քրտնաջան աշխատանքն արդյուք է տվել։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» հեղինակավոր մրցույթն անցկացվեց ականավոր կոմպոիզտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մրցույթին մասնակցում էին Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան:

Հայաստանի պատվիրակը՝ ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ երկրորդ տեղում Լատվիան էր։ Հաղթողը որոշվեց ժյուրիի քվեարկության արդյունքում։

Միջազգային ժյուրիի կազմում էին գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։

Հաջորդ մասնակցությունը եղել է  12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  

«Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն էին: Մրցույթի կարգախոսն էր՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայանում էր որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության միավորման հարթակ։

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում