Հայաստան

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

8 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցուիթյամբ։ 

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Բարձրագուն դատական խորհրդի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, Ձերդ գերազանզություն դեսպաններ,  սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․

Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35–րդ տարեդարձը։ 35 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21–ին, Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին հետեւյալ հարցին․ 

«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»։ 

Հայաստանի քաղաքացիների 95․4 տոկոսը մասնակցեց հանրաքվեին եւ մասնակիցների 94․3  տոկոսը «Այո» պատասխանեց հանրաքվեի դրված հարցին։ 

Ինչո՞ւ ուրեմն, ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները գրեթե միաձայն «Այո» ասացին անկախությանը։ Թերեւս մի պատճառով․ նրանք ուզում էին ապրել ազատ, անվտանգ, ժողովրդավարական, զարգացած, բարեկեցիկ, ինքնիշխան երկրում, որպես ինքնիշխան քաղաքացիներ։ 

Այս պատկերացումները, սակայն, մասամբ կամ ամբողջությամբ ի դերեւ ելան, որովհետեւ անկախությունից միայն 30 տարի անց մենք առարեսվեցինք այն փաստի հետ, որ ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բերեկեցությունը, ինքնիշխանությունը կամ չեն կարող լինել, կամ չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության եւ ժամանակ առ ժամանակ բռնկվող պատերազմի պայմաններում։ 

Հայաստանի Հանրապետության անկախության 35–ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում, բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների ու քույրերի կյանքի գնով եւ նախ եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակը։ 

Հրապարակում հավաքվածները մեկ րոպե լռությամբ, այնուհետև՝ ծափահարությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը։ 

Եւ երիցս պիտի արձանագրենք, որ մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, նրանք զոհվեցին, որ Հայաստանը ապրի եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն եւ մեր պետության վերելքն  է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին։  Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․ 

Անկախության այս դարակազմիկ տոնի առիթով մենք պետք է արձանագրենք, որ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարեւոր բանն է, որ մենք միասին ունենք։ 

Որովհետեւ մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել, մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը, մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը, պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակն ու երաշխավորը։  

Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու ա՛յս ճանապարհով, մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատեւության տեսլականով եւ պետությունը, անկախ պետությունը այլեւս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ   մեր երազանքների իրագործում։ 

Շուրջ 500 տարի մենք երազել ենք անկախ պետության մասին եւ այսօր տոնում ենք մեր երազանքի իրականացումը եւ արձանագրում ենք, որ մենք այլեւս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությու՛նն է մեր երազանքների հայրենիքը եւ մենք այս հայրենիքը ծաղկեցնելով, զարգացնելով, այն ավելի անկախ, ավելի ուժեղ, ավելի արդար, ավելի ազատ, ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավարական, ավելի խաղաղ, ավելի անվտանգ, ավելի համերաշխ, ավելի ինքնիշխան դարձնելով՝ այն պետք է փոխանցենք սերնդեսերունդ։ 

Այլեւս երբեք չպետք է լինի 500 կամ հինգ կամ մեկ տարի, որ մենք երազենք անկախության ու պետության մասին, այլեւս ամեն տարի, ամեն օր մենք պետք է ավելի լավ սովորենք՝ ինչ է նշանակում եւ ինչ է ենթադրում ունենալ պետություն, պետք է ավելի լավ սովորենք՝ ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում լինել քաղաքացի։ 

Հարատեւ պետություն ունենալուն ուղղված մեր աշխատանքը կրթության միջոցով պետք է դարձնենք ավելի ու ավելի արդյունավետ։ 

Հայաստանի Հանրապետությունն այսօր տեսանելի կերպով զարգանում է, բայց, այո, Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ 

Սա չի կարող մեր պետությունը պակաս չափով սիրելու հիմք տալ մեզ, որովհետեւ աշխարհում չկա, չի եղել ու չի լինելու որեւէ պետություն, որտեղ չկան չլուծված բազմաթիվ խնդիրներ։ 

Ընդհակառակը, ցանկացած լուծված խնդիր, իր հետ բերում է նոր խնդիրներ եւ այս շարժընթացը չունի վերջ եւ չունի ավարտ։ 

Հենց այս շարժընթացն է, որ բերում է զարգացման ու առաջընթացի, որ բերում է վերելքի եւ պետության վերելքը, նոր որակի պետություն ունենալը, պետության հարատեւությունը՝ ամեն օր իրար հետ մեր  լուծելու առանցքային խնդիրն է։ Եւ այսօր այստեղ ենք, արձանագրելու, որ մենք պետության տեր եւ քաղաքացի լինելու անսասան ու վճռական կամք ունենք, որ մեր պետությունը մեր հայրենիքն է, հայրենիքը պետությունն է եւ մենք սիրում ենք մեր պետությունը, մենք սիրում ենք մեր հայրենիքը։ 

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն, Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ գիտակցի, որ քաղաքացին պետությունը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունը ապահովելու համար։  

Այս նպատակին է այլեւս ծառայում պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով այն գիտակցությամբ, որ  պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն, քաղաքացին պետք է ուժեղացնի պետությանը։  

Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունները, կրթությունից մինչեւ բնակարանաշինություն, առողջության համընդհանուր ապահովագրությունից մինչեւ   բանակում «Պաշտպան հայրենյանց» ծրագրի ներդրում, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական ամենատարբեր ծրագրերը ուղղված են քաղաքացու ուժեղացմանը։ 

Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք Ձեր պետությունը, եւ Ձեր պետությունը ավելի կուժեղացնի Ձեզ։ 

Սիրեք Ձեր պետությունը, որովհետեւ Ձեր պետությունը սիրում է Ձեզ։ 

Եւ այսօր Ձեր պետությունը Ձեզ հստակ եւ աներկբա ասում է․

Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու՛ ես, դու' ես Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր Անկախության Անկախության տոնդ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում