Մշակույթ

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Գլենդել քաղաքում տեղի է ունեցել «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու օր շարունակ ցուցասրահում այցելուների հոսքը մեխ էր, ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով։

Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ է ընդունել Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։

Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված նկարներ, ինչպես նաև «Կինը» հավաքածուն, որի միջոցով արվեստագետը ցուցադրեց, թե ինչպես է գեղանկարչությունը վերածվում տեքստիլի, իսկ կտավի պատկերները՝ հագուստի։

Նույն ստեղծագործությունները միաժամանակ ապրում էին տարբեր ձևաչափերում՝ որպես պատերին ցուցադրված նկարներ և մանեկեններին ներկայացված հագուստներ։

Այս համադրությունը այցելուներին հնարավորություն է տվել տեսնելու նկարչության, տեքստիլ արվեստի և նորաձևության կենդանի փոխակերպումը։

Ցուցադրության առանձնահատուկ մասերից էր նաև Լիլիթ Մելիքյանի հեղինակած մանկական ստեղծագործական գիրք-ալբոմը։ Գրքում ներկայացված է յուրաքանչյուր նկարի և կերպարի պատմությունը, իսկ ընթերցողը հնարավորություն է ստանում գունավորելու պատկերներն ու կարծես ստեղծագործելու նկարչուհու հետ միասին։

Ցուցահանդեսը հյուրընկալած պատկերասրահը երկու օր շարունակ ընդունեց բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու կտորի հետ աշխատանքի նոր և անսովոր մոտեցում։

Ներկայացված աշխատանքներում ազգային մշակույթի հիշողությունը միահյուսված էր ժամանակակից արվեստի, նորաձևության և հեղինակի վառ անհատականության հետ։

Առաջիկա ամիսներին նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում կներկայացնի հայկական ազգային տարազները, իր նորաձևության հավաքածուները, հեղինակային նկարներն ու գրքերը, ինչպես նաև այն ստեղծագործական նախագծերը, որոնք իրականացնում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում