ՀԷՑ-ը 2025 թվականի երկրորդ կիսամյակում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ 63,7%-ով ավելի հարկ է մուծել․ Ռոմանոս Պետրոսյան
2 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է կառույցի կողմից կատարված հարկերի վիճակագրությունն՝ ընդգծելով, որ ՀԷՑ–ը 2025 թվականի երկրորդ կիսամյակում 2024–ի նույն ժամանակահատվածի համեմատ 63,7%-ով ավելի հարկ է մուծել։
«2025 թ. 2-րդ կիսամյակում ՀԷՑ-ի կողմից վճարվել է ընդհանուր 8,636 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 3,4 մլրդ ՀՀ դրամով կամ մոտ 63,7%-ով ավելի։
2024 թ. նույն ժամանակահատվածում ՀԷՑ-ի վճարած հարկ ու տուրքերի հանրագումարը կազմել է շուրջ 5,277 մլրդ ՀՀ դրամ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարչի ներկայացրած թվերով՝ 2025 թ. 2-րդ կիսամյակում կառույցի կողմից իր աշխատակիցներին վճարված աշխատավարձի գծով բոլոր վճարումները կազմում են 9,547 մլրդ ՀՀ դրամ (առանց եկամտային հարկի). նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 744 մլն ՀՀ դրամով կամ մոտ 8,5%-ով ավելի։
2024 թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ի վճարած աշխատավարձի գծով բոլոր վճարումները կազմել են՝ շուրջ 8,803 մլրդ ՀՀ դրամ։
«Ընդ որում, 2025 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀԷՑ-ի կողմից վճարված թե՛ հարկ ու տուրքերը, թե աշխատավարձի գծով բոլոր վճարումները (ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի նախաձեռնման եւ Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո) էապես գերազանցել են նաև 2025 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներին։ Այդ շրջանում վճարվել են շուրջ 7,359 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և տուրքեր, իսկ վճարված աշխատավարձի գծով բոլոր վճարումների հանրագումարը կազմել է շուրջ 8,238 մլրդ ՀՀ դրամ»,– եզրափակել է Պետրոսյանը։