Հայաստան

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

3 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է 5 նշանակալի ձեռքբերումներ, որոնք արձանագրվել են ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ՝ թե՛ իմ թիմակից (ՔՊ ֆրակցիայից), և թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, վերջին օրերին՝ այսօր ևս, պարբերաբար իրենց խոսքում անդրադառնում են ՀԷՑ-ին, պարզապես հարկ համարեցի մատնանշել 5 նշանակալի ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, որոնց հասել ենք պետական միջամտությամբ՝ ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում.

ՀՀ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ը բարելավել է իր դիրքերը 8 կետով՝ 21-րդից բարձրանալով 13-րդ հորիզոնական (2026թ. առաջին կիսամյակում վճարելով 62%-ով ավելի հարկեր, քան 2025թ. նույն շրջանում):

Միջազգային ու տեղական մի շարք բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի շուրջ 400մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններից մարվել են մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր (այդ թվում՝ վաղաժամկետ), իսկ ֆինանսական շուկայում ՀԷՑ-ի պարտատոմսերի անվանական արժեքը թանկացել է 7-10%-ով։

ՀՀ-ում հյուրընկալվող՝ COP-17 գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի պատվիրակմամբ առաջին անգամ մեր երկրում կառուցվում է 35/6 կՎ բարձր լարման նոր մոդուլային ժամանակակից ենթակայան (ծրագրի արժեքը՝ 1,2մլրդ ՀՀԴ)։

Բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ գործող հզորությունների ավելացման գործակիցները՝ մինչև 55%-ով։ Արդյունքում՝ 4-5 անգամ ավելացել են էներգահամակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու հայտերը։

Ընկերության աշխատակիցների կեսից ավելիի դեպքում (3.400-3.500 անձ) բարձրացել են աշխատավարձերը՝ 12-25% չափով, երեք և ավելի անչափահաս զավակներ ունեցող՝ ՀԷՑ-ի շուրջ 400 աշխատակիցների համար ՀԷՑ-ը փոխհատուցում է էլ.էներգիայի ամսական ծախսը, իսկ գլխամասային գրասենյակում շուրջ 500 աշխատակցի համար Ընկերության հաշվին մատուցվում է անվճար որակյալ սնունդ։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին։ 2025 թվականի հուլիսից Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ը վերցրել է ժամանակավոր կառավարման տակ՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանին։ ՀՀ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ է ներկայացրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում