Տնտեսություն

ՀԷՑ-ը արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել. նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ը արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել. նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողների շրջանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 16-ի մոտ առերևույթ խախտումներ են արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ 150 կՎ-ից մինչև 500 կՎ սահմանված հզորությամբ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող որոշ սպառողների փաստացի հզորությունները չեն համապատասխանել դրվածքային հզորություններին՝ թույլատրելի նորման գերազանցելով 3-4 անգամ։

«Այսպիսով, 2022 թվականից ի վեր գործող մի շարք ինքնավար էներգաարտադրողներ խախտել են տեխնիկական կանոնակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզավորման մեխանիզմը՝ բացասական ազդեցություն ունենալով մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա, առաջացնելով բաժանորդների դժգոհությունը և ընկերությանը պատճառելով զգալի վնաս»,- գրել է Պետրոսյանը։

Նա հայտնել է, որ բացահայտված հանգամանքների հիման վրա համապատասխան գրություններ են ուղարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։

«Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելուց հետո փաստաթղթերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ պատկան մարմինների կամ անձանց կողմից թույլ տված առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատական տալու համար»,- նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նախնական հաշվարկով մի քանի տասնյակ ինքնավար էներգաարտադրողների գործունեության հետևանքով ՀԷՑ-ի օրինական շահերին պատճառված առերևույթ ֆինանսական վնասը կազմում է մոտ 2 մլրդ դրամ։

Պետրոսյանը նաև հայտնել է, որ ներկայում ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացված է շուրջ 59 հազար արևային կայան՝ շուրջ 1288 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Դրանցից շուրջ 58 հազար 700-ը արևային ինքնավար էներգաարտադրողներ են՝ 750 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, իսկ մնացածը՝ արտադրական նշանակության արևային կայաններ՝ 539 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

«Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում՝ ծանրաբեռնելով ենթակայանները և այլ ենթակառուցվածքներ»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանում արևային կայանների անվտանգ և արդյունավետ շահագործման համար ՀԷՑ-ի ենթակառուցվածքների արդիականացումը հրատապ խնդիր է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում