Պարզվեց՝ Սերժ Թանկյանի մայրն իմ երկրպագուն է. երգիչ Սևակ Ամրոյանը՝ ռոք աստղի հետ ծանոթության և առաջիկա ծրագրերի մասին
6 րոպեի ընթերցում

Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը, որի թովիչ ձայնը հասնում է երիտասարդ և հասուն ունկնդիրների հոգիներին, այժմ ստեղծագործական ակտիվ շրջանում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգիչը մասնակցում է «Երկու աստղ» հեռուստանախագծին, հանդես է գալիս համերգներով և աշխատում է համշենական երգերից մեկի նոր գործիքավորման վրա, որը շուտով կներկայացնի երկրպագուներին։
«Երկու աստղ» նախագծում երգչի զուգընկերը ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է։ Ամրոյանը նշում է՝ շոուին մասնակցելու որոշման գործում կարևոր դեր է խաղացել հենց Նազիկը։

«Ինձ համար անսովոր ձևաչափ է. կատարում եմ երգեր, որոնք երբեք չեմ ներկայացրել ունկնդրին։ Իսկապես չէի պատկերացնում, որ կարող եմ այդ բեմում լինել։ Հնչող երգերը ժանրային առումով շատ են տարբերվում իմ երաժշտությունից, սակայն Նազիկ Ավդալյանի գործոնն իր դերը խաղաց։ Թե՛ ինձ, թե՛ Նազիկին հարցրել էին՝ արդյոք միմյանց հետ կերգե՞նք, երկուսս էլ սիրով համաձայնել էինք: Կարծում եմ՝ հեռուստադիտողների համար ևս հետաքրքիր է»,-ասում է երգիչը։
Նա չի հերքում, որ որոշ ժամանակ հեռուստատեսային շոուներում գրեթե հանդես չի եկել, շատ չեն եղել նաև նկարահանվող տեսահոլովակները, սակայն նոր երգերի վրա մշտապես աշխատել է, համերգների պակաս չի ունեցել, ինչը թույլ է տվել անընդհատ կապի մեջ լինել հանդիսատեսի հետ։ Ուրախությամբ է փաստում, որ հաճախ է ելույթներ ունենում մարզերում։ Խոստովանում է՝ թվացյալ դադարը պայմանավորված է եղել կարևոր իրադարձությամբ. հայր է դարձել։

Սևակ Ամրոյանի համար տարվա ընթացքում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից է նաև Լոս Անջելեսի հեղինակավոր Greek Theatre-ում ներկայացված «Նախնիների կանչը» (“Echoes of Our Ancestors”) երաժշտա-թատերական նախագիծը, որի ռեժիսորն Արման Նշանյանն է։

«Ֆանտաստիկ շոու էր. ո՛չ զուտ համերգ էր, ո՛չ էլ ներկայացում էր։ Հիշեցնում էր վեգասյան ներկայացումները, բայց ամբողջությամբ հայկական էր։ Արման Նշանյանն ու պրոդյուսեր Ասկո Հակոբյանը մեծ ուշադրություն էին դարձրել բոլոր մանրուքներին՝ լույսերից մինչև հագուստներ։ Մի քանի ելույթ ունեցա, նաև հանդես եկա իմ ավագ ընկերոջ՝ Սերժ Թանկյանի, ինչպես նաև «Ազգային երգիչ» նախագծի ընկերներիս՝ Արմեն Դավթյանի և Սուրեն Ավոյանի հետ»,-պատմում է երգիչն ու չի մոռանում խոսել նաև Սերժ Թանկյանի հետ համագործակցության մասին։ Ամրոյանն ու համաշխարհային ճանաչում ունեցող ռոք արտիստ Սերժ Թանկյանը մտերիմ են, սակայն համատեղ ելույթներով հազվադեպ են հանդես գալիս, ինչը պայմանավորված է տարբեր երկրներում ապրելու փաստով, աշխատանքով և այլ հանգամանքներով։ Մինչ նրանց «Ամպեր» զուգերգը համատեղ հանդես են եկել STARMUS VI միջազգային փառատոնում։ STARMUS-ը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը։ Սերժ Թանկյանն է առաջարկել Ամրոյանի մասնակցությունը, ինչի համար Ամրոյանը շնորհակալ է Թանկյանին։

«Տարիներ առաջ համերգներից մեկից հետո ինձ ասացին, որ մի կին ցանկանում է հետնաբեմում ինձ հետ ծանոթանալ և լուսանկարվել։ Պարզվեց՝ Սերժ Թանկյանի մայրիկն է՝ տիկին Ալիսը։ Նա շատ ջերմ էր, ասաց, որ ընտանիքով ինձ շատ են սիրում և անպայման մեր լուսանկարը ցույց կտա որդուն։ Մեր լուսանկարն անգամ «Ինստագրամ»-ում եմ հրապարակել։ Դա շատ գեղեցիկ, անսպասելի պահ էր»,-հիշում է երգիչը։

Տարիներ անց Սևակն ինքն է Սերժ Թանկյանին հանդիպելու նախաձեռնություն ցուցաբերում։ «Մի օր նամակ գրեցի Սերժի էլեկտրոնային հասցեին։ Համագործակցության միտք ունեի, բայց այն այդ փուլում քիչ հավանական էր թվում։ Այնուամենայնիվ, որոշեցի գրել նրան, քանի որ մեծ սիրով էի լսում ռոք, հատկապես՝ System of a Down-ի երգերը նրանց երևանյան համերգից հետո։ Գրեցի․ «Բարև, Սերժ։ Ես Սևակն եմ»։ Մոտ 30 րոպե անց արձագանքեց՝ նշելով, որ ինձ վաղուց է ճանաչում, քանի որ ընտանիքով են սիրում։ Առաջարկեցի հանդիպել, Սերժն ասաց՝ երբ Լոս Անջելեսում լինեմ, անպայման տեղեկացնեմ իրեն։ Այդպես էլ արեցի, և մենք հանդիպեցինք, ինչից հետո էլ սկսվեց մեր ընկերությունն ու հետագա համագործակցությունը։ «Ամպեր»-ը նրա երգն էր, որը տարիներ առաջ էր գրել։ Սերժը չէր ցանկանում ոճային փոփոխություն անել, ուստի կատարեցինք երգը՝ յուրաքանչյուրս հավատարիմ մնալով իր բնույթին»,-ընդգծում է Սևակ Ամրոյանը։

Նա չի բացառում, որ ապագայում ևս մի համագործակցություն լինի։ «Ամպեր»-ը զուգերգից հետո մինչ օրս օտարազգի մարդիկ գրում են երգչին՝ նշելով, որ շատ տպավորված են երգից։ «Հպարտ եմ, որ մեր համագործակցությունը ձևավորեց նոր լսարան, որն այսօր հետաքրքրվում է հայկական երաժշտությամբ։ Միջազգային մամուլն էլ արձագանքեց՝ ներառյալ Rolling Stone-ը»,-շեշտում է Ամրոյանն ու խոստանում առաջիկայում անակնկալներ մատուցել ունկնդրին։

