Ադրբեջան

Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի զարգացման մասին համագործակցության հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի զարգացման մասին համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը Բաքվում ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ ուղղված Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ համաձայնագիրը կնքվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տրանսպորտային խորհրդի 83-րդ նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բաքվում՝ 15 անդամ պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ։ 

Իրանի երկաթուղիների տվյալներով՝ երեք կողմերը հաստատել են երկարաժամկետ և շահավետ համագործակցության շրջանակ, որը կենտրոնացած է միջանցքի երկայնքով տարանցիկ հնարավորությունների ամրապնդման վրա։ 

Նշվում է, որ հիմնական նպատակներն են արևմտյան երթուղով բեռնափոխադրումների համար ֆիքսված գնագոյացում սահմանելը, մրցակցային միասնական սակագների սահմանումը և լոգիստիկ ծառայությունների ընդլայնումը։ 

Հուշագրի ստորագրմամբ երկաթուղու ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունը երկկողմ և բազմակողմ համագործակցության շարունակականությանը։ 

Նախաձեռնությունը նպատակ ունի միջանցքի արևմտյան ճյուղը վերածել ակտիվ տարածաշրջանային տարանցիկ երթուղու՝ աջակցելով Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և այլ մասնակից երկրների միջև ավելի լայն կապի ջանքերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում