Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ
2 րոպեի ընթերցում

Մալթայի դրոշի ներքո նավարկող լցանավը, որի տախտակամածին կա 40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք, ուղևորվում է Նյու Յորք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռուսաստանը համաձայնել է վերացնել դիզելային վառելիքի արտահանման արգելքը, որը սահմանել էր ներքին պահանջարկը բավարարելու համար, և վերսկսել է մատակարարումները համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Այս որոշումն ընդունվել է հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։
Վաշինգտոնը կասեցրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դա անվանել էր Պուտինին մատուցված նվեր, ինչից հետո Կիևի և Վաշինգտոնի հարաբերություններն ավելի են սրվել։
Ինչպես նշում է Reuters-ը, հոկտեմբերի 22-ին Լենինգրադի մարզի Պրիմորսկի նավահանգստում Agioi Fanende լցանավի վրա բեռնվել է ծծմբի չափազանց ցածր պարունակությամբ 40 000 տոննա դիզելային վառելիք։ Ակնկալվում է, որ նավն ԱՄՆ կհասնի նոյեմբերի 7-ին։
Թրամփի և Պուտինի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը նախ կարտահանի 300 000 տոննա դիզելային վառելիք (շուրջ 2,25 միլիոն բարել,) ևս 500 000 տոննա կմատակարարվի նոյեմբերին, իսկ դրանից հետո՝ ևս 1 միլիոն տոննա։