Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարարությունը և Lockheed Martin ընկերությունը հայտարարել են 10-ամյա համաձայնագրի կնքման մասին, որը նախատեսում է 850 հինգերորդ սերնդի F-35 ստելս կործանիչների արտադրություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Մենք հիմնովին փոխել ենք մոտեցումն ԱՄՆ պաշտպանական արդյունաբերական բազայի կայունացման նկատմամբ, ինչը թույլ կտա արտադրությունն իրականացնել անհրաժեշտ տեմպերով ու ծավալներով», - հայտարարության մեջ նշել է ԱՄՆ պատերազմի նախարարի՝ գնումների և նյութատեխնիկական ապահովման հարցերով տեղակալ Մայքլ Դաֆին։
Նա հավելել է, որ այս համաձայնագրով Պենտագոնն ապահովում է, որ ամերիկացի զինվորականները զինված լինեն կռվելու և հաղթելու համար անհրաժեշտ հնարավորություններով։
Ըստ հաղորդագրության՝ այս տասնամյա պարտավորության դիմաց Lockheed Martin-ն իր միջոցներով կֆինանսավորի առնվազն 7 միլիարդ դոլարի նախաձեռնություններ, որոնք աջակցում են F-35 ծրագրին։
F-35 ինքնաթիռները, որոնք ակտիվորեն կիրառվել են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում, արտադրվում են երեք վերափոխված տարբերակով՝ ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի համար։ Դրանցից յուրաքանչյուրի արժեքը կարող է գերազանցել 100 միլիոն դոլարը։
Ամերիկացի զինվորականների կարծիքով, F-35 կործանիչն աշխարհի ամենակատարելագործված մարտական ինքնաթիռներից մեկն է։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառազինության մեջ կա ավելի քան 1375 միավոր F-35։