Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։ Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնում են, որ նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։

Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները` պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը՝ երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։  Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ,  ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու  ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը  Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար»,– ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում