Ավետ Տերտերյանի երաժշտությունը կհնչի Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3-ը, Թոմաս Հարթմանի «Ալվան ծաղիկը» բալետից սյուիտ և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ը:  

«Դաշնամուրի կոնցերտը կհնչի մեր ժամանակների մոցարտյան լավագույն մեկնաբաններից մեկի` հայ հանդիսատեսին քաջածանոթ դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխի կատարմամբ: Համերգը կղեկավարի հանրահայտ դիրիժոր Կիրիլ Կարաբիցը»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ծրագիրը կեզրափակվի Տերտերյանի վառ ու ինքնատիպ Սիմֆոնիա թիվ 3-ով, որի ընթացքում դուդուկի և զուռնայի մենանվագներով հանդես կգան Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը:

Ավետ Տերտերյանն առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ: Որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլ ազգային գործիքներ, բացառություն չէ նաև Սիմֆոնիա թիվ 3-ը, որն առաջին անգամ հնչել է 1975 թվականին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (այն ժամանակ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ) կատարմամբ՝ Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ: 

Ստեղծագործությունը նվիրված է կոմպոզիտորի եղբոր` կյանքից վաղաժամ հեռացած դիրիժոր Հերման Տերտերյանի հիշատակին: Սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժական հարցի, գոյության պայքարի շուրջ մտորումների ամբողջություն է։ 

Սիմֆոնիայի կատարումը համերգի դիրիժոր Կիրիլ Կարաբիցի նախաձեռնությունն է, քանի որ նա Տերտերյանի արվեստի մեծ երկրպագու է: Կիրիլ Կարաբիցն այն կատարել է տարբեր նվագախմբերի հետ Լեհաստանում, Գերմանիայում, Անգլիայում և այլուր: Նա նաև ձայնագրել է Տերտերյանի 3-րդ և 4-րդ սիմֆոնիաները՝ թողարկված «Ձայներ արևելքից» ձայնասկավառակում (“Voices from the East”, Chandos lable), որը մեծ արձագանքի է արժանացել երաժշտաքննադատների կողմից:

Կարաբիցի խոսքով՝ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան իր ղեկավարած ամենաբարդ ստեղծագործություններից է: Այն խորապես հայկական է, միևնույն ժամանակ, հասկանալու համար բացատրության կարիք չունի. երաժշտությունն ինքնին խոսում և պատմում է. «Սա ամենազարմանալի և անսովոր ստեղծագործություններից մեկն է, որը կարելի է լսել համերգասրահում։ Ամեն ինչի համադրությունը, կոմպոզիտորի կողմից ստեղծված ձայնային աշխարհը բացարձակապես եզակի են: Իմ սիրելի հատվածը դանդաղ մասն է՝ երկու դուդուկների մենանվագներով։ Շատ հանգիստ և պարզ երաժշտություն է, կրկնվող, բայց ստեղծում է այնքան հրաշալի և փխրուն մթնոլորտ։ Երբ լսում ես, երևակայությունդ աշխատում է իր ողջ հզորությամբ»,- ասում է Կարաբիցը հարցազրույցում:

Կարաբիցն Ուկրաինան և Գերմանիան ներկայացնող արտիստ է. նա 2009 թվականից հանդիսանում է Բորնմութի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Իր ղեկավարած տարիներին նվագախումբը զգալի կերպով ընդարձակել է երկացանկը, կանոնավոր հանդես է գալիս հեղինակավոր BBC Proms փառատոնում, Լոնդոնի Բարբիքեն և Southbank արվեստի կենտրոններում: 2014թ.-ին նվագախմբին շնորհվել է «Աշխարհի ամենասիրելի նվագախումբ» տիտղոսը:

Կարաբիցը եղել է նաև Վայմարի պետական կապելլայի երաժշտական ղեկավարը, Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը. նա իր կարիերան սկսել է որպես Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկի երկրորդ դիրիժոր:

2025-2026 թթ. համերգաշրջանի գլխավոր իրադարձություններն են Կարաբիցի համագործակցությունը Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի Թագավորական ազգային, Տոկիոյի Մետրոպոլիտեն սիմֆոնիկ, BBC սիմֆոնիկ, Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի և Լեհաստանի ռադիոյի ազգային սիմֆոնիկի հետ՝ Բեթհովեի փառատոնի շրջանակում: Նախատեսված է մեծ շրջագայություն Չինաստանում, որը կեզրափակվի Մակաոյի միջազգային երաժշտական փառատոնով, այնուհետ նա ելույթ կունենա Սեուլի Արվեստների կենտրոնում և համերգաշրջանը կեզրափակի Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ղեկավարելով «Տրավիատա» օպերան Բրեգենցի փառատոնում:

2024 թվականին Կարաբիցը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (The Order of British Empire)՝ Մեծ Բրիտանիայում դասական երաժշտության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար։

Հայերեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր