Վստահություն ձեռք բերելը դատական ատյանների թափանցիկ աշխատանքի առանցքն է. շվեդ մասնագետները կիսվում են իրենց փորձով

6 րոպեի ընթերցում

Դատարանների ու լրատվամիջոցների աշխատանքը զուտ իրազեկվածությանն առնչվող հարցերի տիրույթում վաղուց ստացել է կենսական նշանակություն։ Այդ առթիվ մշակվում են համապատասխան հայեցակարգեր ու ռազմավարություններ՝ նախանշելով համագործակցության սահմաններն ու սկզբունքները։ Այդպիսի աշխատաժողովներից մեկն էլ կայացավ Դիլիջանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Շվեդիայից ժամանած դատաիրավական համակարգի ներկայացուցիչները լրագրողներին ներկայացրին շվեդական փորձը՝ ձգտելով համեմատության եզրեր գտնել շվեդական և հայկական իրականությունների միջև։

Ավագ դատավոր Պատրիկ Ալմը տեղեկացրեց, որ 2022 թվականին առաջին անգամ լինելով Հայաստանում՝ դատական ատյանների ու լրատվամիջոցների համագործակցությանն առնչվող թեմայի շրջանակում իրականացրել է հարցում լրագրողների շրջանում և նրանց հետ կազմակերպել քննարկում կլոր սեղանի շուրջ։ Նրա համոզմամբ՝ նման հանդիպումները սեփական փորձը ներկայացնելու պատեհ առիթներ են ընձեռում, առավել ևս, որ Շվեդիայում դատարանների ու ԶԼՄ-ների միջև նախանշված համագործակցությունն արդեն իսկ ունի քսանամյա պատմություն։ 

«Դատական համակարգերն ամբողջ աշխարհում կարևոր դեր են խաղում մարդկանց հիմնարար իրավունքների գերակայության ապահովման գործում։ Լրագրողները հետաքննում են իշխանությունների կատարած աշխատանքը։ Դատարաններն իրենց հերթին իշխանություն կրող կառույցներ են և պարտավոր են հանրությանը հաշվետու լինել, որպեսզի հասարակությունը լինի տեղեկացված ու իրազեկված»,-ասաց Ալմը։   

Նրա դիտարկմամբ՝ կարևորը միայն լրագրողների հետ համագործակցությունը չէ, այլև աշխատանքի թափանցիկությունը։ Հասանելի ցանկացած տեղեկատվություն պետք է անխոչընդոտ ներկայացվի մարդկանց։ Խոսքը, բնականաբար, չի վերաբերում գաղտնի ինֆորմացիային, որի հանրային շրջանառումը նպատակահարմար չէ։ 

«Եթե խոսվում է հասարակության ներսում ներառականության մասին, ապա յուրաքանչյուր խավ պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Շվեդիան այդ առումով ունի տասնամյակների փորձ, և այդ մշակույթի ձևավորման համար պահանջվել է երկար ժամանակ։ Թափանցիկության ապահովումը ենթադրում է այնպիսի գործելակերպ, որի պայմաններում թաքցնելու որևէ բան չկա, առավել ևս, եթե խոսքը վերաբերում է զգայուն գործերին։ Դա կարևոր է նաև ընդհանուր ժողովրդավարության հաստատման համար»,-պարզաբանեց շվեդ դատավորը։ 

Շվեդիայի ազգային դատարանների հաղորդակցության պատասխանատու Յենս Մաթթսսոնն իր հերթին շեշտեց, որ դատական ատյանների ու լրատվամիջոցների համագործակցությունը շարունակական աշխատանք է, այն կայուն կերպով զարգանում է։ 

«Մենք պետք է վստահություն ձևավորենք երկու օղակների միջև, փորձենք հաղթահարել դժվարությունները, լրացնել բացերը։ Լրատվադաշտը շատ արագ ենթարկվում է փոփոխությունների, ուստի անհրաժեշտ է հարմարվել այդ իրողությանը և ցուցաբերել համակարգային մոտեցումներ։ Դատավորների ու լրագրողների միջև հարաբերությունների ձևավորման համար մշակվում են համապատասխան ռազմավարություններ։ Շվեդիայում այդ գործընթացը մեկնարկեց քսան տարի առաջ և այսօր դրան հատկացվում է մեծ ուշադրություն։ Ռազմավարությունն օգնում է հստակեցնել յուրաքանչյուրի դերն ու ձևավորել գործնական, արդյունավետ հարաբերություններ, օգնում է ունենալ միևնույն ուղենիշները։ Բոլորն աշխատում են նույն ուղղությամբ, ինչն ամենակարևոր հանգամանքն է»,-մանրամասնեց Մաթթսսոնը։ 

Նրա կարծիքով՝ ընդհանուր մեդիառազմավարությունն ինքնին կարևոր է, սակայն կան տեղայնացման օրինակներ, որոնք էլ դրդել են որոշակի փոփոխություններ կատարել նախապես ընդունված մոտեցումներում։  Ըստ նրա՝ նման ռազմավարություններն իրոք մեծապես օգնել են դատավորներին՝ վստահություն ձևավորելով դատական ատյանների նկատմամբ և ավելի են խորացնել համագործակցությունը ԶԼՄ-ների հետ։

«Լրագրողները լուսաբանում են հանրությանը հուզող իրադարձությունները՝ լինելով կապող կամուրջ հասարակության ու դատարանների միջև, հետևաբար լավ մշակված ռազմավարությամբ այդ գործընթացը կառավարվում է առավելագույն արդյունավետությամբ։ Մամուլի ծառայությունները, մասնավորապես, ներկայացնում են տեղեկատվություն հնչեղ գործերի մասին, կազմակերպում են ասուլիսներ՝ ցուցաբերելով նախաձեռնողականություն, համակարգում են ասելիքն ու ուղերձները։ Արդյունքում այդ ամենը ցույց է տալիս, թե ինչպես է դատարանների աշխատանքն արտացոլվում սոցցանցերում և հանրային կարծիքի մեջ։ Աշխատանքային սկզբունքներն, ըստ էության, նույնն են, և մեր նպատակն է հեշտացնել այդ աշխատանքը դատավորների համար՝ դարձնելով նրանց կապը լրագրողների հետ ավելի ակտիվ և ամուր»,-ասաց Մաթթսսոնը։ 

Խոսքն, ըստ էության, ակտիվ համագործակցության ռազմավարության մասին, որը փաստորեն ներառում է ամենօրյա կապը ԶԼՄ-ների հետ, որի շրջանակում դատարաններն անընդհատ արձագանքում են տարաբնույթ հարցումներին և այդ կերպ բաց են արված աշխատանքի մասին տեղեկատվություն տրամադրելու առումով։ 

«Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե ինչպես են դատական ատյանները հարաբերվում մարդկանց, երբ վերջիններս դիմում են նրանց՝ զուտ իրազեկված լինելու համար։ Չէ՞ որ մարդկանց մոտ տպավորությունները ձևավորվում են դատարանների հետ կապի շրջանակում։ Պետք է միշտ հիշել, որ դատարանները պատասխանատու են պրոակտիվ հաղորդակցության բոլոր հայեցակարգերի համար, որոնց մշակումն ու կիրառումը մեկ օրվա գործ չէ»,-ասաց Շվեդիայի ազգային դատարանների հաղորդակցության պատասխանատուն։   

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա