Եվրոպա

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

3 րոպեի ընթերցում

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Քիշնևում հունիսի 5-ին մեկնարկել է Մոլդովայի թվային 15-րդ գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։

Սա Մոլդովայի Հանրապետությունում թվային փոխակերպմանը և նորարարությանը նվիրված ամենակարևոր միջոցառումն է, որը միավորում է տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին, կառավարության գործընկերներին, կարծիք ձևավորողներին, ստարտափներին և միջազգային գործընկերներին՝ քննարկելու թվային փոխակերպումը, արհեստական ​​բանականությունը, կիբերանվտանգությունը և թվային տնտեսության ապագան։

Երկու օր շարունակ՝ հունիսի 5-ին և 6-ին, Քիշնևը դառնում է տարածաշրջանի թվային մայրաքաղաքը՝ դիրքավորելով Մոլդովայի Հանրապետությունը որպես թվային նորարարության և զարգացող տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն:

Միջոցառումը բացել են ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն և փոխվարչապետ Եվգենիու Օսմոչեսկուն։

Մարթա Կոսը նշել է, որ Մոլդովայի Հանրապետությունն արդեն իսկ հաջողության պատմություն է թվային ոլորտում։

«Ինչ վերաբերում է թվային ծառայություններին, դուք ունեք մրցակցային առավելություն։ Սա այն ոլորտն է, որտեղ մոլդովական տաղանդն արդեն հաջողությամբ մրցակցում է եվրոպական մակարդակով», - նշել է նա։

Կոսը նաև հավելել է, որ թվային ոլորտը Մոլդովայի ներուժի օրինակ է։

Միևնույն ժամանակ, Մարթա Կոսը բարձր է գնահատել Մոլդովայի Հանրապետության կողմից եվրոպական ուղով առաջ շարժվելու համար իրականացված բարեփոխումները։

Վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն նշել է, որ Մոլդովայի Հանրապետությունը նպատակ ունի դառնալ թվային տեխնոլոգիաների առաջատար։

«Մեր նպատակը ոչ միայն Եվրամիությանը միանալն է, այլև՝ Եվրոպայի թվային ապագայի կառուցմանը նպաստելը», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Մունտեանուն ընդգծել է Մոլդովայի Հանրապետություն ներդրումներ ներգրավելու անհրաժեշտությունը՝ տնտեսական զարգացումը արագացնելու համար։

Փոխվարչապետ, տնտեսական զարգացման և թվայնացման նախարար Եվգենիու Օսմոչեսկուն իր հերթին նշել է, որ Մոլդովայի Հանրապետությունը կարողացել է թվայնացման ոլորտում օրինակ դառնալ այլ պետությունների համար: Նրա խոսքով՝ ներկայում հանրային ծառայությունների 78%-ը թվայնացված է, իսկ քաղաքացիներին ուղղված ծառայությունների մասնաբաժինը կազմում է մոտ 56%:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում