27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
4 րոպեի ընթերցում

Ներքին գործերի և ազգային անվտանգության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվանից 27 տարի անց նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում հերքվել է նրա կողմից ինքնասպանություն գործելու վարկածը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Արծրուն Մարգարյանի դին հայտնաբերվել էր 1999 թվականի փետրվարի 9-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհից Նոր Հաճն տանող խաչմերուկի հարակից տարածքում։ Նրա մարմնի վրա եղել էին հրազենային վնասվածքներ։
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ներսես Խանոյանի խոսքով՝ դեպքի սկզբնական քննության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն էր գրավել մարմնի վրա առկա երկու հրազենային վնասվածքների հանգամանքը։
«Առաջին հրազենային վնասվածքի մուտքի անցքը գտնվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային հատվածում, իսկ ելքի անցքը՝ հետին հատվածում։ Երկրորդ վնասվածքը եղել է գլխի շրջանում՝ մուտքի և ելքի անցքերով»,- նշել է Խանոյանը։
Դեպքից կարճ ժամանակ անց սպանության կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին, սակայն նախաքննական մարմինը հետագայում հանգել էր այն եզրակացության, որ Մարգարյանը, գտնվելով ծանր հոգեբանական վիճակում, ինքնասպանություն է գործել։
«Նախաքննական մարմինը հանգել էր հետևության, որ Արծրուն Մարգարյանը, գտնվելով երկարատև լարված վիճակում և դեպրեսիայի մեջ, գործել է ինքնասպանություն՝ չգտնելով այլ ելք»,- նշել է Խանոյանը։
Արդյունքում 1999 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական գործը կարճվել էր հանցադեպի բացակայության հիմքով, իսկ որևէ անձ քրեական պատասխանատվության չէր ենթարկվել։
Գործը նոր ընթացք է ստացել 2025 թվականին, երբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Վերաքննության շրջանակում իրականացվել են բազմաթիվ քննչական գործողություններ, այդ թվում՝ արտաշիրիմում և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։
Փորձագետների նոր եզրակացությամբ հերքվել է ինքնասպանության վարկածը։
«Փորձագետի եզրակացությամբ հերքվել է նման պայմաններում Մարգարյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը, քանի որ առաջին հրազենային վնասվածքը ստանալուց հետո նա ունակ չէր լինելու ատրճանակն ուղղել գլխի հետին հատված և կատարել երկրորդ կրակոցը։ Նա անընդունակ էր լինելու կոորդինացված շարժումներ կատարելու»,- ասել է Ներսես Խանոյանը։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ նոր ապացույցների հիման վրա ձեռք են բերվել փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Արսեն Խաչատրյանի արձակած կրակոցներից։
Քննչական մարմնի վարկածով՝ սպանությունը կապված է եղել Մարգարյանի ծառայողական գործունեության հետ։
«Տեղի է ունեցել սպանություն՝ Արծրուն Մարգարյանի ծառայողական գործունեությունը դադարեցնելու նպատակով»,- նշել է Խանոյանը։
Նրա խոսքով՝ այդ հիմքով վերացվել են նախկինում քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումները, և միջնորդություն է ներկայացվել Արսեն Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Դատարան է ներկայացվել նաև նրան կալանավորելու միջնորդություն։
Քննչական կոմիտեից ընդգծում են, որ վերջին տարիներին ակտիվ աշխատանք է տարվում նախկինում չբացահայտված և հանրային մեծ հնչեղություն ստացած սպանությունների բացահայտման ուղղությամբ։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ 2025 թվականին հնարավոր էր եղել բացահայտել նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության հանգամանքները։ Վերջինս սպանվել էր 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ նրա սպանությունից մոտ երկու ամիս անց հայտնաբերվել էր Արծրուն Մարգարյանի դին։