3 րոպեի ընթերցում
Հանրապետությունում այս անգամ ձմեռը հիմնականում առանձնացավ չոր եղանակով։ Տեղումները քիչ էին հատկապես դեկտեմբերին ու հունվարին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերի օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2,8, որը նորմայից բարձր է 1,1-ով։ Դեկտեմբերին եղել է չոր եղանակ։
«2025 թվականի հունվարի օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4,4, որը նորմայից բարձր է եղել 2,4-ով։ Հունվարը ևս չորային է եղել հանրապետության ամբողջ տարածքում։ Միայն առանձին օրերին են դիտվել թույլ տեղումներ։ Ասեմ, որ 2025 թվականի հունվարը երկրորդ չոր հունվարն էր 1999 թվականից հետո։ Օդի ջերմաստիճանը բարձր է եղել հատկապես հունվարի երկրորդ տասնօրյակում, երբ Սյունիքի և Տավուշի հովիտներում առավելագույն ջերմաստիճանը հասել է +15․․․+16-ի։ Փետրվարի 2-րդ կեսին ձմեռը հիշեց իր եղելության մասին և ասաց իր վերջին խոսքը՝ առանձնանալով առատ տեղումներով»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Փետրվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում հզոր ցիկլոնով պայմանավորված հանրապետության առանձին հատվածներում ձյան տեսքով թափվեցին ամսական նորմայից ավելի տեղումներ։ Տեղումների քանակը փետրվարին կազմել է նորմայի մինչև 130 տոկոս, իսկ Գեղարքունիքում, Լոռիում՝ մինչև 200 տոկոս։ Փետրվարի երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը հանրապետությունում նորմայից ցածր է եղել 5-6 աստիճանով։
Մարտի 5-ի դրությամբ հանրապետության 1000 մ բարձրությունից վեր առկա է ձնածածկույթ։ 2017 թվականից հետո Արարատյան դաշտում առաջին անգամ հաստատվեց ձնածածկույթ։ Հաշվի առնելով, որ օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է, արդյոք գետերի վարարումների ռիսկ կա։
«Գետերի վարարումները պայմանավորված են նաև ձմեռային ու գարնանային ամիսների տեղումներով։ Ինչպես տեսանք, տեղումները ձմռան ամիսներին պակաս են եղել, իսկ մարտի առաջին տասնօրյակում էական տեղումներ չեն սպասվում, հետևաբար օդի ջերմաստիճանի բարձրացումը չի կարող հանգեցնել մեծ հոսքերի, որոնք կվնասեն գյուղատնտեսությանը։ Մենք օպերատիվ կերպով հետևում ենք իրավիճակին»,-ասաց Լևոն Ազիզյանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ հովտային, նախալեռնային գոտիներում գտնվող գյուղատնտեսներին հորդորեց ուշադրություն դարձնել այգեբացի պրոցեսին, ծառերի էտին, քանի որ ծառերի մոտ կսկսվի հյութաշարժություն։ Գյուղատնտեսական առումով այս պահին գնահատականները դրական են։ Ցրտահարման հավանակությունը փոքր է։