COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան
4 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից։ Համաժողովի շրջանակում ընդունվելիք որոշումներն ու իրականացվելիք ծրագրերը կարող են նպաստել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով COP17-ի նշանակությանն ու Հայաստանի ակնկալիքներին։
Նրա խոսքով՝ համաժողովը հնարավորություն է տալիս համախմբել կենսաբազմազանության պահպանությամբ զբաղվող երկրների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի համար կարևոր հարցեր։
«Նշանակությունն այն է, որ այստեղ համախմբվել են բուսական և կենդանական աշխարհի, այսպես ասած, պաշտպան աշխարհի ներկայացուցիչները, ինչի արդյունքում կընդունվեն մի շարք կարևոր որոշումներ։ Հայաստանի համար սա կարևոր նշանակություն կունենա, քանի որ կընդունվեն և կիրականացվեն ծրագրեր, որոնք մեծ օգուտ կբերեն թե՛ կենդանական, թե՛ բուսական աշխարհին»,- նշեց Սուրենյանը։
Անդրադառնալով կլիմայի փոփոխության դեմ պայքարում համաժողովի հնարավոր ազդեցությանը՝ Սուրենյանն ընդգծեց, որ բնական էկոհամակարգերի պահպանումը կարևոր դեր ունի կլիմայական խնդիրների մեղմման գործում։ Նրա խոսքով՝ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը միշտ չէ, որ կտրուկ է արտահայտվում, սակայն անտառահատումների կանխարգելումն ու բնական միջավայրի պաշտպանությունը կարող են դրական ազդեցություն ունենալ։
«Կլիմայի փոփոխության ընթացքը Հայաստանի համար կտրուկ չի արտահայտվում։ Համաժողովը կարող է խթանել անտառահատումների և բուսական ու կենդանական աշխարհի ոչնչացման կանխարգելումը։ Դա նույնպես դրական է անդրադառնում կլիմայի փոփոխության վրա։ Մենք գիտենք, որ կլիմայի փոփոխությունը ոչ միայն ջերմոցային գազերի արտանետումների հետևանք է, այլև անտառահատումների։ Եթե ամուր պաշտպանենք մեր անտառները և ընդլայնենք դրանց տարածքները, ապա մեծ ազդեցություն կունենանք կլիմայի փոփոխության մեղմման վրա»,- ասաց նա։
Խոսելով COP17-ի շրջանակում Հայաստանի համար ակնկալվող կոնկրետ արդյունքների և ընդունվելիք որոշումների գործնական ազդեցության մասին՝ Սուրենյանը նշեց, որ այս փուլում դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալ, քանի որ համաժողովը շարունակվում է։
«Կոնկրետ արդյունքներ չեմ կարող ասել, որովհետև COP17-ը դեռ ընթանում է։ Արդեն ընդունված որոշումների վերաբերյալ եզրակացություններ անելու համար պետք է գնահատել համաժողովի արդյունքները»,- նշեց Սուրենյանը։
Հայաստանում անցկացվող COP17-ի շրջանակում միջազգային գործընկերները քննարկում են կենսաբազմազանության պահպանությանն ու բնապահպանական համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Համաժողովի արդյունքների նշանակությունը պայմանավորված կլինի նաև ընդունված որոշումների հետագա իրագործմամբ և դրանց գործնական կիրառմամբ։
Սարգիս Ասատրյան