Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները, որոնց ազդեցության տակ վերջին երեք օրերին գտնվում էր Հայաստանը, օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած կնահանջեն՝ իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 27-ի երեկոյան, ինչպես նաև օգոստոսի 28-31-ին՝ գիշերային և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
«Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին՝ օգոստոսի 26-ի համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով»,-նշել է Սուրենյանը՝ հավելելով, որ օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ամենաշոգ գոտիներում՝ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի ցածրադիր հատվածներում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 30-32 աստիճանը։