Podcast-Հարց բժշկին. հակառետրովիրուսային բուժում ստացող մարդու մոտ որոշ ժամանակ անց ՄԻԱՎ այլևս չի հայտնաբերվում և չի փոխանցվում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում 1988 թվականից ի վեր դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա շրջանակում բազմաթիվ երկրներում պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրվում է խնդրին։ Տարբեր մակարդակներում տարվող աշխատանքների նպատակն է իրազեկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, առաջ քաշել հիմնահարցերը և դրանց վերաբերյալ հասարակությանը տալ հստակ և սպառիչ պատասխաններ:

«Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, վարակաբան Ռիմա Այվազյանի հետ: Թեման Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) տարածվածությունն է, ռիսկի խմբերն ու առաջարկվող լուծումները:   

Մասնագետն ընդգծեց՝ ՄԻԱՎ -ի խնդիրն  արդիական է ամբողջ աշխարհում, ինչպես  նաև՝ Հայաստանում:

«ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է: Վիրուսն անցնելով օրգանիզմ՝ աստիճանաբար սկսում է քայքայել մարդու իմուն համակարգի բջիջները և ձևավորում է օրգանիզմում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ, այսինքն՝ ՁԻԱՀ: Այն հանդիսանում է ՄԻԱՎ վարակի վերջին փուլը, երբ օրգանիզմի իմուն պաշտպանիչ մեխանիզմները ամբողջությամբ հյուծվում են և օրգանիզմը դառնում է ընկալունակ տարբեր վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ»,-ասաց բժիշկը:

Նրա խոսքով՝ աշխարհում շուրջ 40 միլիոն մարդ վարակված է այս վիրուսով, մոտ 40 միլիոն մարդ էլ արդեն մահացել է ՄԻԱՎ-ից:

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ-ից, կա գրանցված մոտավորապես 6000 դեպք: Հայաստանում հիվանդությունն առավել շատ տարածված է Շիրակի և Լոռիի մարզերում:

Վարակաբան Ռիմա Այվազյանը նկատեց՝ ցավոք, ՄԻԱՎ-ը դեռ լիարժեք վերջնական բուժելի հիվանդություն չի համարվում, բայց ժամանակին սկսված հակառետրովիրուսային թերապիան  հնարավորություն է տալիս կանխել բոլոր այն բարդությունները, որոնք կարող են զարգանալ վիրուսի ազդեցության հետևանքով: Ժամանակին բուժումը սկսելու դեպքում ՄԻԱՎ ունեցող մարդու կյանքի տևողությունը և որակը ոչնչով չի տարբերվի ՄԻԱՎ չունեցող մարդուց:

«ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ամենակարևորը պետք է  սկսեն ժամանակին և հետևողական ընդունել հակառետրովիրուսային բուժումը, ինչն օրը ընդամենը մեկ դեղահաբի ընդունումն է. Եթե վարակակիրները հետևողական լինեն իրենց բուժմանը, ապա առաջինը՝ իրենց կյանքի որակը և տևողությունը չի տարբերվի առողջ մարդուց, և, երկրորդ՝  հակառետրովիրուսային բուժում ստացող մարդու մոտ որոշ ժամանակ անց վիրուսը այլևս չի հայտնաբերվի: 

Նշեմ, որ գոյություն ունի վիրուսի չհայտնաբերվող մակարդակ հասկացողություն, որի դեպքում վարակակիր քաղաքացին այլևս վարակի աղբյուր չի հանդիսանում և չի կարող վարակը հետագայում տարածել: Այսինքն, չհայտնաբերվող՝ նշանակում է չփոխանցվող: Շատ կարևոր է, որ մենք հասնենք այդ մակարդակին»,- ասաց Ռիմա Այվազյանը: 

Նա ընդգծեց՝ ժամանակին ՄԻԱՎ-ի բուժումը սկսելն առողջապահական կարևոր  խնդիր է, ինչպես նաև՝ վարակի տարածումը կանխելու կարևոր քայլ:

ՄԻԱՎ-ի փոխանցման տեսակներին, կանխարգելման մեթոդներին, առաջարկվող բուժումներին և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը: 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: 

Հայերեն

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով