Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու ուղիները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում առկա էսկալացիան և այն մեղմելու ուղիները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նախագահի մամուլի քարտուղար, դեսպան Ահմեդ Ֆահմին հայտարարել է, որ երկու նախագահներն ընդգծել են զսպվածության և փոխադարձ թիրախավորման շրջափուլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որը ողջ Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին՝ սպառնալով տարածաշրջանի ժողովուրդների ռեսուրսներին։

Հաղորդվում է, որ երկու նախագահները վերանայել են Գազայում և Լիբանանում հրադադարի հասնելու և շտապ և բավարար քանակությամբ հումանիտար աջակցություն մատակարարելու շարունակական ջանքերը: 

«Նրանք նաև ընդգծել են Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը՝ վերահաստատելով իրենց աջակցությունը լիբանանյան պետական ​​կառույցներին», - նշված է մամլո հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում նախագահները անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին։

Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։ 

«Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

 

 

 

 

Հայերեն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Huawei Technologies-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Չինաստանում օգոստոսին կատակլիզմներից վնասը գերազանցել է 5,3 միլիարդ դոլարը

ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի

Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC News

Հայաստանն արևմուտքի և արևելքի, հյուսիսի և հարավի հանդիպման կիզակետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի բացառիկ հարցարզույցը

Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումը դարձել է ամենազանգվածայիններից մեկը. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

ԱՄՆ-ն պատրաստ է հաստատել Գերմանիայի կողմից Ուկրաինային տասը Patriot հրթիռի փոխանցումը