Մենք չենք տեսնում Ադրբեջանի քաղաքական կամքը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական աշխատանք է արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ՝ չնայած բոլոր մարտահրավերներին, էսկալացիաներին, Հայաստանի տարածքի վրա հարձակումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարշավայի դիվանագիտական ֆորումի ընթացքում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Հայկական կողմը բանակցությունների ժամանակ շատ կառուցողական է եղել։ Գիտեք, այստեղ կան և՛ լավ, և՛ վատ նորություններ։ Լավ նորությունն այն է, որ մենք կարողացել ենք ադրբեջանական կողմի հետ որոշակի հաջողությունների հասնել։ Մենք վերջերս ընդունել ենք երկու երկրների միջև երբևէ առաջին լեգալ փաստաթուղթը։ Մենք ընդունել ենք սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Այս փաստաթղթում մենք կարողացել ենք համաձայնեցնել, որ սահմանազատման հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչն իսկապես ձեռքբերում է։ Չխորանալով մանրամասների մեջ՝  պետք է նշեմ, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որն ընդունել են Խորհրդային Միության 15 հանրապետություններից 12-ը, ի թիվս այլ հարցերի՝ արձանագրում է, որ հանրապետությունները ճանաչում են, որ միմյանց միջև նախկին վարչական սահմանները, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, դառնում են միջազգայնորեն ճանաչված միջպետական սահմաններ։ Այսպիսով, սա նշանակում է, որ մենք Ադրբեջանի հետ սահման ունենք և այս սահմանի սահմանազատման համար մենք ունենք սոլիդ հիմք։ Սա լավ նորությունն է»,- մանրամասնել է Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը հավելել է, որ վատ նորությունն այն է, որ կան որոշ այլ թեմաներ, որոնց շուրջ կողմերը բանակցում են, մասնավորապես միմյանց միջև խաղաղության պայմանագիրը։ «Պատկերացրեք, որ մենք ունենք իրավիճակ, երբ գրեթե վերջնականացրել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, կա պայմանագրի նախագիծ, բայց մենք դա չենք ստորագրում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել փաստաթուղթը՝ բերելով որոշ պատճառներ ու ամեն անգամ նոր նախապայմաններ ներկայացնելով։  

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ ադրբեջանական կողմը կարծում է, որ ավելի շատ հարցեր կան համաձայնեցնելու, որպեսզի պայմանագիրը ստորագրվի։ «Մենք կարծում ենք, որ աշխարհում չկա երկու երկրի մեջ որևէ պայմանագիր, որը կանոնակարգում է նրանց միջև հարաբերությունների բոլոր ասպեկտներն ու ոլորտները։ Մինչդեռ, մենք սկզբի համար կարող ենք ստորագրել այս բավականին լուրջ փաստաթուղթը, իսկ հետո շարունակել բանակցությունները մնացած հարցերի շուրջ։ Մենք այստեղ չենք տեսնում Ադրբեջանի քաղաքական կամքը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։ 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում