Քաղաքականություն

Միրզոյանը Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 14-ին հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական երկխոսությանը զուգահեռ կարևորվել են տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները:

«Զրուցակցիներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը, փոխայցերն ու հնարավոր նախաձեռնությունները:

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների օրակարգն ու այս ուղղությամբ հաստատված արդյունավետ համագործակցությունն ու առաջընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի տեսլականը, ինչպես նաև Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրներին լուծումներ տալու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված՝ Լաչինի միջանցքի բացման հրամայականը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում