Քաղաքականություն

Նախարար Միրզոյանը շեշտել է Հայաստանի նկատմամբ Բաքվի գործողություններին ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը

4 րոպեի ընթերցում

Նախարար Միրզոյանը շեշտել է Հայաստանի նկատմամբ Բաքվի գործողություններին ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։

«Նախարար Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեսքտում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրներին և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նշյալ գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։

Ներկայացնելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։

Նշվում է, որ հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նեղ և ընդլայնված կազմով:

Քննարկվել են նիստի օրակարգային հարցեր՝ ներառյալ ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում