Հայաստանում նախատեսվում է Համահայկական թվային գրադարան ստեղծել. Տիգրան Զարգարյանն ամփոփել է նախորդ տարին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը 2017 թվականին մի շարք ձեռքբերումներ է ունեցել` մատենագիտական աշխատանքների կազմում, Գրատպության թանգարանի բացում և այլն: Նախորդ տարի կատարված աշխատանքի և այս տարի սպասվող ծրագրերի մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Նախորդ տարվա ամենածանր իրադարձությունը Հայաստանի ազգային գրապալատի ձուլումն էր Հայաստանի ազգային գրադարանին: Մենք գրապալատի ողջ հավաքածուն տեղափոխեցինք մեզ մոտ: Աշխատակիցներից ոչ մեկը դուրս չմնաց: Այն գործառույթները, որոնք կատարում էր գրապալատը, այժմ շարունակում է իրականացնել գրադարանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զարգարյանը:

Նրա խոսքով` իրենք նկուղային ապահով տարածք են հատկացրել «ազգային անձեռնմխելի հավաքածու» համարվող գրքերին: Այնտեղ են պահվում տարբեր հրատարակիչների տրամադրած արժեքավոր գրքերից օրինակներ, որոնք կփոխանցվեն սերունդներին:

Տնօրենը շեշտեց, որ գրադարանում գրանցված է 31 755 ընթերցող: «2017-ին գրանցվել է 3367 մարդ, նրանցից 2357-ը ուսանողներ են, 1010-ը` գիտական ընթերցասրահի ընթերցողներ: Գրքատածքը կազմել է 1 մլն 499 հազար միավոր, այսինքն` տարվա ընթացքում այդքան անգամ գիրք է սպասարկվել, իսկ ընթերցողների հաճախումների թիվը հասել է 247 828-ի»,-ասաց նա:

Անդրադառնալով միջազգային համագործակցություններին` Տիգրան Զարգարյանը նշեց`նախորդ տարի ռուսերեն և հայերեն հրատարակել են մատենագիտական կատալոգ «Պատրաստված է ԽՍՀՄ-ում. Հայաստան 1950-1991 թվականներ» խորագրով: Այնտեղ ներառված են Հայաստանի գիտնականների ատենախոսություններ, ընդգրկվել են գիտության բոլոր ճյուղերը:

Կազմվել է Բոստոնում հրատարակվող «Armenian review» հայագիտական հանդեսի հոդվածների մատենագիտությունը 1950-ական թվականներից մինչև 2010-ը:

Գրադարանի համար մեծ ձեռքբերում էր Գրատպության թանգարանի բացումը: Այն գործում է, ունի և’ հայ, և’ օտարազգի այցելուներ, շատ են դպրոցականներն ու ուսանողները:

«Մեր ուշադրության կենտրոնում է գրքերի թվայնացումը: Մենք աշխարհով մեկ սփռված տպագիր գիր և մամուլ ունենք: Շատ համարներ մեզ մոտ չկան: Դրանք գտնելով, թվայնացնելով և թվայնացված պատճենները մեզ մոտ պահելով, հասանելի ենք դարձնում ընթերցողներին, հետազոտողներին: Այդ նպատակով ստացել ենք նոր թվայնացման սարքեր: Սա մեզ հնարավորություն տվեց առաջ քաշել Համահայկական թվային գրադարան ստեղծելու գաղափարը, որը ամբիցիոզ է, բայց իրականանալի»,-ընդգծեց տնօրենը:

«Նշանակալի էր համագործակցությունը Ստամբուլի Աթաթուրքի անվան գրադարանի հետ: Հոկտեմբերին մեր գրադարանից մասնագետներ այցելեցին այնտեղ և, ստուգելով գրքերի հայատառ հավաքածուների կեսը, գտան 57 գիրք, որոնք հայ մատենագիտական ցանկերից ոչ մեկում ներառված չէին: Նկարեցին և չորս հնատիպ գիրք բերեցին, որոնք մենք ընդգրկեցինք համապատասխան ցանկում:

Երուսաղեմում գտանք Ոսկան Երևանցու Աստվածաշնչի այն օրինակը, որը հրատարակվել է հատուկ կաթոլիկ եկեղեցու համար»,-ասաց նա:

Խոսելով խնդիրներից` Զարգարյանը նշեց, որ լուրջ բացթողումներ կան համայնքային գրադարաններում: «Շարունակում ենք դրանց վերազինումը: Նախորդ տարի Մարալիկի և Ամասիայի համայնքային գրադարանները դրամաշնորհ են շահել»,- եզրափակեց նա:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից