Գրականության մեջ պետք է բաց տարածք թողնել, որտեղ ընթերցողն իրեն թագավոր կամ թագուհի զգա. Անրի Գրիգորյան

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող Անրի Գրիգորյանըծնվել և մեծացել է Թբիլիսիում, այսօր ապրում և ստեղծագործում է Բուդապեշտում: 2010-ին «Շեմ» մատենաշարով լույս է տեսել նրա անդրանիկ՝ «Վայրկյաններ» գիրքը: «Արձակ-2013» մրցույթում հեղինակի «Սիեստա» պատմվածքը մրցանակակիրների շարքում էր: Վերջերս ընթերցողների դատին հանձնվեց նրա «Դմբո Ջոյսը» պատմվածքների ժողովածուն: «Արմենպրես»-ի թղթակիցը համացանցի միջոցով զրուցել է Անրի Գրիգորյանի հետ:

-Չնայած սովորել եք Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանի բիզնես ֆակուլտետում, բայց զբաղվում եք գեղարվեստով: Ի՞նչը խթանեց ձեր գրական գործունեությունը:

-Դժվար է ասել, թե ինչն ինձ տարավ դեպի գրականություն: Չեմ սիրում, երբ ասում են, թե ստեղծագործում են փոքրուց, բայց, պետք է խոստովանեմ, որ երբ երկրորդ դասարան էի, հայրս շատ գեղեցիկ, կապույտ կազմով մեծ տետր նվիրեց ինձ: Ուրախ էի, հուզված: Բացեցի այն ու գրեցի վերնագիրը՝ «Վարդանը»: Չգիտեմ, թե ինչու այդ վերնագիրն ընտրեցի: Այդ պատմվածքը Վարդանի և շան մասին էր:

- Ասում են` լավ գրքի հետ պատահական հանդիպումը կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: Ձեր կյանքում նման հանդիպում եղե՞լ է:

-Ցանկացած գրող նաև ընթերցող է: Պարբերաբար կարդում եմ ստեղծագործություններ, որոնք հետք են թողնում, ընդլայնում աշխարհայացքը: Նման գրքերի շնորհիվ փոխվում է ներսդ: Դա է գրականության հզոր ուժը: Ծանոթանալով հունգարական գրականությանը` վերջերս ինձ համար նոր գրողի բացահայտեցի՝ Պիտեր Նադաշին: Նրա վեպերից մեկը` «Հուշերի գիրքը», շատ է տպավորել ինձ, մտածելու տեղիք տվել: Կարծում եմ` կվերընթերցեմ այն:

-Կա՞ փիլիսոփայություն, որով առաջնորդվում ես գրելիս:

-Իմ պատմվածքները միմյանցից տարբերվում են: Չեմ կարող ասել, որ կա հատուկ փիլիսոփայություն, որով առաջնորդվում եմ: Սիրում եմ բազմազանություն թե՛ կյանքում, թե՛ գրականության մեջ: Ինձ հետաքրքիր են հասարակության բոլոր շերտերը, տարբեր երևույթները:

Ստեղծագործական գործընթացում մշտապես ինչ-որ մի բան գտնում ես ինքդ քո մեջ, նոր բան ես հայտնաբերում դիմացինիդ մեջ, քանի որ ոչինչ երբեք նույնը չի լինում, ենթարկվում է փոփոխության: Իմ ընկալած գրականությունն, առհասարակ, փոփոխությունների և բազմազանության մասին է:

-Ձեր գործերն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ հերոսը հաճախ դուք եք, պատմվածքներում նկարագրված դեպքերի, իրադարձությունների կենտրոնում հենց ինքներդ եք, բոլոր թելերը ձեր ձեռքում են…

-Նախկինում երրորդ դեմքով շատ էի գրում: Հետագայում հասկացա, որ առաջին դեմքով ստեղծագործելն ավելի բնական է ստացվում: Դա ինձ համար ինչ-որ միջոց, գործիք էր կերպարի մաշկի տակ մտնելու համար: Երբ ասում եմ՝ ես արեցի, ես սիրահարվեցի, ես գնացի և այլն, ավելի դյուրին է գրվում: Բնականաբար, յուրաքանչյուր գրող սիրում է իր մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր գրող եսասեր է, և ես բացառություն չեմ: Սակայն գրողը հակված է նաև ստին: Դու միշտ ինչ-որ բան չափազանցում ես, հավելում, հակառակ դեպքում ստեղծածդ գրականություն չի դառնա, կնմանվի օրագրի: Երբեմն մերկանալու վախ կա: Համոզված եմ՝ յուրաքանչյուր գրող չի կարող իր ստեղծագործություններում ամբողջությամբ ինքը լինել: Դու ինքդ քեզ ծռմռում ես, փոփոխում:

-Մի առիթով նշել եք, որ ասելիքը պետք է տեղ հասցնել հնարավորինս քիչ բառ օգտագործելով և հնարավորինս շատ տարածք թողնելով լռությանը: Գրելիս մտածու՞մ եք այդ մասին:

-Առհասարակ չեմ սիրում շատ բառեր. լինի վեպ, վիպակ, պատմվածք, բանաստեղծություն և այլն: Սիրում եմ, որ յուրաքանչյուր բառ ինչ-որ կերպ ապրված լինի: Երբեմն չես կարողանում գեղեցիկ անցում կատարել և արհեստական նախադասություն ես գրում այդ հարցը լուծելու համար. դա անբնական երանգ է հաղորդում ստեղծագործությանը:

Սիրում եմ, որ գրողը մտածելու տեղ է թողնում ընթերցողին, որ նա շարունակի պատմությունը: Ինքս նման գրականություն եմ փնտրում: Պետք է բաց տարածք թողնել, որտեղ ընթերցողն իրեն թագավոր կամ թագուհի զգա:

-Ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ ժամանակակից գրականության մեջ հաճախ ենք հանդիպում բաց տեսարանների նկարագրությունների: Ձեր գրականությունը դրանցից զերծ չի մնացել: Դա արվում է իրականությունն ավելի պատկերավոր ներկայացնելո՞ւ, թե այլ նպատակով:

-Գրելիս չեմ էլ մտածում, որ բաց տեսարան եմ նկարագրում: Կարծում եմ՝ այսօր դա արտասովոր երևույթ չէ, բայց եղել են դեպքեր, որ իմ գրած տեքստը համարել են գռեհիկ, ասել, որ այդպես կեղտոտվում է գրական տարածքը: Օրինակ՝ «Լայլան» ստեղծագործությունը: Նա հանդիպում է Բոռին, ով թաղում վատ համբավ ունի: Նա Լայլային տանում է նկուղ՝ հետը քնելու: Ինչու՞ չգրել այդ մասին, մանավանդ, երբ այդ ամենին նայում ես տասնմեկ-տասներկու տարեկան երեխայի աչքերով: Եթե տեքստը պահանջում է բաց տեսարան կամ գռեհիկ բառ, ես չեմ ընդդիմանում: Հակառակ պարագայում ստացվում է, որ կարող եմ հասնել ինչ-որ կետի և լռել, առաջ չգնալ: Իսկ գրողն իր տեքստում պետք է կանգ չառնի, հակառակ դեպքում ինքը կավարտվի:

-Պատմվածքներից մեկում գրել եք. «Հիմա եկել եմ, որ այստեղ ծնվեմ ու մեծանամ, բայց փակել են դեմս, մնացել եմ արգանդում»: Ինչու՞: Դա կապ ունի՞ Հայաստանում ապրած ժամանակահատվածի հետ:

-Դուք կռահեցիք: Երբ ավարտեցի ուսումս Լոնդոնում և Բուդապեշտում, որոշեցի գալ Հայաստան, աշխատել ու ապրել իմ պատմական հայրենիքում: Մինչ այդ չէի ապրել Հայաստանում: Ինձ հաճախ էին հարցնում, թե ինչու եմ եկել, երբ մարդիկ հեռանում են երկրից: Պատասխանում էի, որ հոգնել եմ փոքրամասնություն լինելուց: Թբիլիսին, որտեղ տարբեր ազգեր են ապրել, ինչի շնորհիվ բազմամշակութային քաղաք է եղել, այժմ փոխվել է: Մերօրյա Թբիլիսիում ես ինձ փոքրամասնություն եմ զգում: Հայաստան տեղափոխվելով` ուզում էի ինձ մեծամասնություն զգալ: Աշխատում էի «Լույս» հիմնադրամում, հետո անձնական պատճառներով տեղափոխվեցի Բուդապեշտ, որտեղ էլ ներկայումս ապրում և աշխատում եմ: Հայաստան դեռ վերադառնալու եմ, քանի որ ինչ-որ կիսատ բան եմ թողել այդտեղ, որը ուզում եմ լրացնել:

-Վերջերս «Գրանիշ»-ը հրատարակեց ձեր «Դմբո Ջոյսը» գիրքը: Ի՞նչ եք գրում հիմա:

-Շարունակում եմ ստեղծագործել… (Չի մանրամասնում- թղթ.)

-Լոնդոնում, Բուդապեշտում և այլ երկրներում եք եղել, հանդիպե՞լ եք արտառոց երևույթների: Եթե այո, կարո՞ղ է այդ ամենն արտացոլվել ձեր նոր գործերում:

-Կան բաներ, որոնց մասին անպայման կգրեմ: Կան բաներ, որոնք չեմ ցանկանում բերել գրականություն: Ամեն անգամ, դրանց մասին գրելով, ասես կորցնում ես դրանք, հեռանում դրանցից: Գեղեցիկ ու հաճելի մանկության հուշեր են եղել, որոնք բերել եմ գրականություն և… կորցրել: Այդպես կորցրեցի Լայլային:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում