Սպորտ

Հայաստանի բռնցքամարտը լուրջ հաղթանակների կարիք ունի. Սուրեն Ղազարյան

7 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտը լուրջ հաղթանակների կարիք ունի. Սուրեն Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային կարգի մրցավար Սուրեն Ղազարյանը Հայաստանի բռնցքամարտի վառ դեմքերից Է: 1994 թվականից նա Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենն Է:

Ընթերցողներին ենք ներկայացնում «Արմենպրես» -ի թղթակցի հարցացրույցը Եվրոպայի գավաթակիր, ԽՍՀՄ չեմպիոն, 1971թ. ԽՍՀՄ ժողովուրդների 5-րդ սպարտակիադայի չեմպիոն, 1975 թ. ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի փոխչեմպիոն,1976 թ. ԽՍՀՄ գավաթակիր, միջազգային 7 մրցաշարերի հաղթող, աշխարհի առաջնության մասնակից Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, Դուք բազմաթիվ տիտղոսներ եք նվաճել, բայց գրեթե ամեն մարզիկ ունի չիրականացված երազանք, ո՞րն Է Ձեր այդ երազանքը:

-Անշուշտ, 1974 թ. աշխարհի առաջնության հաղթող դառնալը: Այս մրցաշարը անցկացվեց Կուբայի մայրաքաղաք Հավանայում, եւ ես զբաղեցրի 5-րդ տեղը: Վճռական մրցամարտում ես 2:3 հաշվով զիջեցի Եվրոպայի չեմպիոն գերմանացի Բայերին, բայց նույն հաջողությամբ հաղթանակը կարող Էր շնորհվել ինձ: Իր բացասական դերը խաղաց նաեւ Կուբայի շոգ կլիման, ես Բայերի հետ մրցամարտին մասնակցեցի մրսած վիճակում` չհասցնելով լիովին ապաքինվել:

- Համեմատելով Ձեր ժամանակվա եւ ներկայիս բռցքամարտը, ի՞նչ կարող եք ասել, ի՞նչն Է փոխվել:

-Մեր ժամանակ բռնցքամարտը, ըստ իս, ավելի դիտարժան Էր, գեղեցիկ, ամեն չեմպիոն ուներ իր սեփական ձեռագիրը, բոլորի անունները հիշվում են առ այսօր՝ Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, Նշան Մունչյան, Ալբերտ Նիկոլյան, Խորեն Ինջեյան, Սամսոն Խաչատրյան, եւ այս ցուցակը դեռ կարելի Է շատ շարունակել:

Մենք բռնցքամարտում հաջողության հասնելու համար մեզ զրկում Էինք ամեն ինչից, իսկ այսօրվա մարզիկներն ուրիշ են: Մեր ժամանակ ամբողջ ազգը սպորտով Էր ապրում, նույնիսկ հանրապետական մրցումների ժամանակ մարզասրահները լեփ-լեցուն Էին լինում, իսկ այսօր նույնիսկ միջազգային մրցաշարերը շատ հանդիսատեսներ չեն հավաքում: Երեւի դա նաեւ ժամանակների տարբերությունն Է: Մենք ժամանակին ամբողջ տարի հավաքների Էինք, տարեկան 30-35 մրցամարտ Էինք անցկացնում, այսօր այդ թիվը շատ ավելի պակաս Է: Մենք անցել ենք ԽՍՀՄ առաջնությունների եւ մրցաշարերի դաժան մրցակցության բովով, այսօրվա մեր բռնցքամարտիկները շատ ավելի հեշտ են ընդգրկվում հավաքական թիմերում:

- Հետաքրքիր Է, որ Դուք ընտրել եք ամենաբարդ մասնագիտություններից մեկը՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությունը, ավարտել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Կարողացել եք համատեղել բռնցքամարտը եւ ուսումը:

-1974 թվականին ես աշխատում Էի դիպլոմային իմ աշխատանքի վրա, այն ժամանակ դեռ տեղյակ չԷի, որ կմեկնեմ Կուբա՝ աշխարհի առաջնությանը: Այդ պատվին հավակնում Էր ԽՍՀՄ չեմպիոն Անատոլի Կամնեւը: Ես հատուկ մեկնեցի ԽՍՀՄ հավաքականի հավաքների վայր՝ Սուխումից ոչ հեռու գտնվող Էշերի քաղաք: Ընկերական մրցամարտում մեծ առավելությամբ հաղթեցի Կամնեւին, եւ նա, լինելով իսկական մարզիկ, բոլորին ասաց, որ ես իրենից լավ եմ նախապատրաստված եւ Կուբա մեկնեցի ես:

Ինչ վերաբերում Է մասնագիտությանս, ապա ես վերադարձա եւ պաշտպանեցի

դիպլոմս, հետագայում աշխատեցի «Արագած» տեքստիլի ձեռնարկությունում` որպես ինժեներ, գլխավոր ինժեներ, աշխատել եմ նաեւ «Դինամո» մարզական կոմբինատի տնօրեն: Մասնագիտությունս ինձ շատ օգնեց կյանքում, ինչպես եւ բռնցքամարտը: Բռնցքամարտի շնորհիվ ձեռք բերեցի կամքի ուժ, համբերություն, մինչեւ վերջ պայքարելու ունակություն: Սրա մասին կարելի Է երկար խոսել, բայց ասեմ միայն, որ շնորհիվ բռնցքամարտի կարողացա նաեւ իմ անձնական կյանքի շատ խնդիրներ լուծել: Մեր ընտանիքի կյանքը հեշտ չԷր, մենք շատ դժվարություններ ապրեցինք: Ուղղակի պրոֆեսիոնալ մարզիկի ինձ հասանելիք բոնուսները թույլ Էին տալիս նաեւ իմ ամբողջ ընտանիքին իրեն լավ զգալ: Մեր ժամանակ պետությունը առաջատար մարզիկների հոգսը լիովին իր վրա Էր վերցրել: Մենք նաեւ լավ խրախուսվում, վճարվում Էինք: Թեեւ այդ աշխատավարձերը մեծ չԷին, բայց նաեւ գներն Էին շատ ցածր:

-1994 թվականից Դուք գլխավորում եք Երեւանի Ենգիբարյանի անվան հանրաճանաչ մարզադպրոցը:

-Այն ժամանակ ես այդ մասին չեմ մտածել: Վլադիմիր Ենգիբարյանը 1993 թվականին մեկնեց ԱՄՆ եւ պետք Է վերադառնար, բայց մնաց այնտեղ: Ժամանակ անցավ, եւ պարզ դարձավ, որ մարզադպրոցը պետք Է նոր տնօրեն ունենա: Ես երջանիկ եմ, որ հենց ինձ բախտ վիճակվեց զբաղեցնել այս պաշտոնը: Մարզադպրոցի արդյունքների մասին թող խոսեն փաստերն ու թվերը: 2000- 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցել են մեր մարզադպրոցի սաներ Արամ Ռամազյանը, Ալեքսանդր Նալբանդյանը, Անդրանիկ Հակոբյանը (երկու անգամ): Մեր սաներ Հրայր Շահվերդյանը եւ Հրանտ Սարգսյանը նվաճել են աշխարհի պատանեկան առաջնութան արծաթե եւ բրոնզե մեդալներ 50 եւ 81 կգ քաշային կարգերում: Իսկ բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկներ 69 կգ քաշային Գոռ Չեւիլիկյանը եւ 81 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը նվաճեցին արծաթե եւ բրոնզե մեդալներ: Եվրոպայի առաջնության մրցաշարի բրոնզե մեդալ Է նվաճել նաեւ մեր մարզուհիներից մեկը: Եվ սա միայն թարմ արդյունքներն են:

Այլ հարց Է, որ միշտ պետք Է ձգտել հասնել հնարավորինս ավելի բարձր արդյունքի:

- Որո՞նք են, ըստ Ձեզ, հայ բռնցքամարտիկներին հաջողության հասնելու խանգարող հանգամանքները:

-Դրանց մասին արդեն մասամբ խոսեցի: Փոխվել են ժամանակները, այլ են սպորտի դերը եւ նյութական հնարավորությունները, չկա նախապատրաստության նախկին լիարժեք բազան, այլ են մարզչական կադրերը: Նոր ժամանակների մարզիչների շարքում չկա մեկը, որը այնպիսի անուն ունենա, ինչպիսին ուներ մարզիչների նախորդ սերունդը՝ Դիկուլ Դավթյան, Ռաֆայել Մեհրաբյան, Էդուարդ Արիստակեսյան, Թադեւոս Զատիկյան, Վահե Հովհաննիսյան, Վոլտեր Աթանեսյան, Ալեքսանդր Սարգսյան եւ ուրիշներ:

Բայց բռնցքամարտը Հայաստանում շատ սիրված մարզաձեւ Է, տաղանդավոր երիտասարդներ ունենք, այլ հարց Է, որ նրանք այսօր մտահոգված են օրվա կարիքներով, ուրիշ նախասիրություններ ունեն: Անհրաժեշտ Է, որ նրանք նույնպես հասկանան, որ ե’ւ բռնցքամարտը իրենց կարիքն ունի, ե’ւ իրենք՝ բռնցքամարտի:

Զրույցը վարեց Զավեն Վարդանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում