Տնտեսություն

Հայաստանում ներկայիս գնաճային միջավայրը կառավարելի է. ԿԲ խորհրդի անդամ

13 րոպեի ընթերցում

Հայաստանում ներկայիս գնաճային միջավայրը կառավարելի է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանում ներկայիս գնաճային միջավայրը հիմնականում պայմանավորված է առաջարկային բնույթի գործոններով, ինչպես նաև աշխարհաքաղաքական անորոշություններով պայմանավորված արտաքին ռիսկերով։ Միաժամանակ, հարաբերականորեն ակտիվ ներքին պահանջարկը նպաստում է գնաճային ազդեցությունների ուժեղացմանը։ Այդուհանդերձ, ներկայիս գնաճային միջավայրը գնահատվում է որպես կառավարելի։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով 2026 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված գնաճին, այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը:

- ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 5.3, իսկ ամսականը՝ 1.3%։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված գնաճի նման արագացումը, հիմնական ո՞ր գործոններն են նպաստել դրան:

- 2026 թվականի ապրիլին արձանագրված գնաճային դինամիկան հիմնականում ձևավորվել է պարենային ապրանքների գների արագացված աճի և արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդակների պայմաններում։ Ճիշտ եք արձանագրել՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%, իսկ ամսական գնաճը՝ 1.3%։ Միևնույն ժամանակ, «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» խմբում տարեկան գնաճը կազմել է 9.5%։

ԿԲ գնահատմամբ՝ ներկայիս գնաճային միջավայրը հիմնականում պայմանավորված է առաջարկային բնույթի գործոններով՝ միջազգային պարենային շուկաներում բարձր գներով, լոգիստիկ ծախսերի աճով, ինչպես նաև աշխարհաքաղաքական անորոշություններով պայմանավորված արտաքին ռիսկերով։ Միաժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել հարաբերականորեն ակտիվ մակարդակում, ինչը նպաստում է գնաճային ազդեցությունների փոխանցման մեխանիզմի ուժեղացմանը։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է ընդգծել, որ ներկայիս գնաճային միջավայրը գնահատվում է որպես կառավարելի։ Գնաճային սպասումները շարունակում են մնալ խարսխված։

- Նկատելի է պարենային որոշ ապրանքների գների նշանակալի աճը: Ընդհանուր առմամբ, սպառողական շուկայի ո՞ր հատվածներում է գրանցվել առավելագույն գնաճ և ինչո՞ւ է գների բարձրացումը առնչվում հենց դրանց:

- Առավել նշանակալի գնաճ է արձանագրվել մսամթերքի, կաթնամթերքի, ձվի և մրգերի առանձին խմբերում։ Օրինակ՝ ձվի գները տարեկան կտրվածքով աճել են 31.3%, տավարի և հորթի միսը՝ 20.5%, կաթնամթերք և ձու խմբում ներկայացվածներինը՝ 13.3%։

Այս զարգացումները պայմանավորված են մի քանի փոխկապակցված գործոններով։ Նախ՝ Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման տեսակարար կշիռը շարունակում է մնալ բարձր, ինչի հետևանքով համաշխարհային գների փոփոխությունները համեմատաբար արագ փոխանցվում են մեր ներքին շուկա։ Երկրորդ՝ աճել են գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը։ Երրորդ՝ առանձին ապրանքային խմբերում արձանագրվել են առաջարկի որոշակի սահմանափակումներ, որոնք՝ ըստ իս, ժամանակավոր բնույթ են կրում։ Միաժամանակ, ԿԲ-ի համար կարևոր է տարբերակել բարձր տատանողականություն ունեցող պարենային գնաճը և ավելի կայուն, հիմնարար գնաճային գործընթացները։

- Ինչպե՞ս է գնաճը դրսևորվել տնտեսության մյուս ոլորտներում, արդյոք տեղի՞ն է խոսել շղթայական ազդեցության մասին:

- Տնտեսագիտական տեսանկյունից ներկայում կարելի է խոսել որոշ փոխանցումային և երկրորդային ազդեցությունների մասին, սակայն իրավիճակը, իմ կարծիքով, չի կարող բնորոշվել որպես լայնածավալ գնաճային պարույրի ձևավորում կամ էլ դրա նախադրյալ։

Ինչ վերաբերում է Ձեր ձևակերպմամբ՝ տնտեսության մյուս ոլորտներում գնաճի դրսևորմանը, ապա այդ հարցին կարող եմ պատասխանել ՍԳԻ (սպառողական գների ինդեքսի) կառուցվածքում ներառված սպառողական որոշ հիմնական խմբերից օրինակների ներկայացմամբ։ Այսպես՝ ապրիլին «Կրթություն» խմբում գների տարեկան աճը կազմել է 8.3%, «Առողջապահություն» խմբում՝ 4.2%, «Ռեստորաններ և հյուրանոցներ» խմբում՝ 4.2%։ Միաժամանակ «Բնակարանային և կոմունալ ծառայություններ» խմբում գնաճը մնացել է համեմատաբար զսպված՝ 0.5%  մակարդակում։

ԿԲ-ի համար առանցքային նշանակություն ունի բնականոն գնաճի վարքագիծը, քանի որ այն թույլ է տալիս գնահատել տնտեսությունում ձևավորվող առավել կայուն գնաճային ճնշումները։ Ըստ ԿԲ գնահատականների՝ 2026 թվականի մարտին տարեկան բնականոն գնաճը կազմել է 4.9%։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև ոչ արտահանելի կոշտ գների, առանց սնունդ և վառելիք ապրանքախմբերի գնաճի մակարդակներին ու դինամիկային։ Նշված երկու ցուցանիշները՝ բնականոն գնաճի հետ միասին, ավելի համարժեք կերպով են արտացոլում տնտեսությունում ձևավորվող միջնաժամկետ գնաճային միջավայրը։ Օրինակ, կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների և ծառայությունների գնաճը մարտին տարեկան կտրվածքով կազմել է 3.2%, իսկ առանց սնունդ և վառելիք խմբերի գնաճը՝ 2.4%:

Դրամավարկային քաղաքականության հիմնական խնդիրն այս պայմաններում այն է, որ արտաքին կամ ժամանակավոր շոկերը չվերածվեն երկարատև գնաճային իներցիայի և չապախարսխեն գնաճային սպասումները։

- Կա՞ն տվյալներ, թե գնաճն ինչպես է անդրադարձել բնակչության գնողունակությանը և երկրի տնտեսական վիճակին։

- Գնաճի ազդեցությունը բնակչության գնողունակության վրա հիմնականում արտահայտվում է իրական եկամուտների դինամիկայի միջոցով։ Քանի որ պարենային ապրանքների գնաճը ապրիլին կազմել է 9.5%, ուստի գնաճային ազդեցությունն առավել զգայուն է այն տնային տնտեսությունների համար, որոնց սպառողական ծախսերում սննդամթերքն ունի բարձր տեսակարար կշիռ։

Միևնույն ժամանակ, ներկայիս գնաճային միջավայրը ձևավորվում է պահպանվող բարձր տնտեսական ակտիվության պայմաններում։ Այսպես, 2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշի իրական աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գերազանցել է 7%-ը՝ հիմնականում ծառայությունների և շինարարության հատվածների հաշվին։

Այսինքն՝ ներկայում տնտեսությունում միաժամանակ առկա են թե՛ պահանջարկային ակտիվություն, թե՛ գնաճային որոշակի ճնշումներ։ Կարևոր է նաև, որ ֆինանսական համակարգը շարունակում է գործել կայուն։ Ինչպես արդեն նշեցի, ԿԲ քաղաքականության առաջնային նպատակը տվյալ իրավիճակում գնաճային սպասումների խարսխվածության պահպանումն է և միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովումը՝ առանց տնտեսական ակտիվության անհարկի ճնշման։

- Հաշվի առնելով, որ գնաճը, կարծես, գերազանցել է ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսած ցուցանիշը՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի կարգավորող մարմինը ստեղծված իրավիճակում:

- Կենտրոնական բանկը վարում է ապագային միտված քաղաքականություն, որը կառուցվում է ոչ թե առանձին ամսական ցուցանիշների շարժընթացի, այլ դրանք պայմանավորող գործոնների մանրակրկիտ վերլուծության և տնտեսության զարգացման տարբեր սցենարների դիտարկման վրա։ Այս առումով ապրիլին արձանագրված 5.3% գնաճին քաղաքականության արձագանքը հիմնված է և շարունակելու է հիմնված լինել գնաճի կառուցվածքի, բնականոն գնաճի, ոչ արտահանելի կոշտ գների աճի պահանջարկի միջավայրի և գնաճային սպասումների համակցված գնահատման վրա։

Այս համատեքստում Խորհուրդը դիտարկել է սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից Խորհուրդը քննարկել է սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:

Արդյունքում հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը 2026 թվականի մայիսի 5-ին որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

- Երկարաժամկետ ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել Հայաստանում գնաճի վերաբերյալ՝ հաշվի առնելով ներկայիս դինամիկան։

- Ինչպես նշեցի նախորդիվ, ԿԲ-ն մշտադիտարկում է տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ, միջնաժամկետ հեռանկարում գնաճը 3% նպատակային մակարդակին մոտեցնելու համար։ Պետք է նաև ավելացնեմ, որ ՀՀ ԿԲ-ն պատմականորեն ապացուցել է իր վճռականությունը գների կայունության ապահովման գործում։ Միաժամանակ, արտաքին միջավայրը շարունակում է մնալ բարձր անորոշությունների աղբյուր։ Մերձավոր Արևելքում լարվածության խորացումը, Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը և նավթի համաշխարհային գների հնարավոր աճը կարճաժամկետում կարող են ուժեղացնել ներմուծվող գնաճային ճնշումները՝ հատկապես էներգակիրների, տրանսպորտային և լոգիստիկ ծախսերի միջոցով։

Այդուհանդերձ, ներկայիս իրավիճակը, իմ համոզմամբ, չի գնահատվում որպես համակարգային գնաճային ապակայունացման փուլ։ Հայաստանի գնաճային միջավայրը, այդ թվում՝ տարածաշրջանային կամ ավելի լայն համատեքստի համադրությամբ շարունակում է մնալ կառավարելի։  Օրինակ՝ 2026 թվականի ապրիլին գնաճը Հայաստանում կազմել է 5.3%, Վրաստանում՝ շուրջ 5.9%, Ղազախստանում՝ ավելի քան 10%։ Այս պայմաններում ԿԲ քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ գնաճային սպասումների կայունացումը և այնպիսի իրավիճակների կանխումը, երբ ժամանակավոր շոկերը կարող են վերածվել երկարատև գնաճային իներցիայի։

- Ներկայիս գնաճը ինչպե՞ս կարող է անդրադառնալ երկրի տնտեսական կայունությանը, տնտեսական ակտիվությանը և ազգային արժույթի փոխարժեքին:

- Մակրոտնտեսական կայունության վրա գնաճի ազդեցությունը կախված է դրա կառուցվածքից, տևողությունից և սպասումների վրա ազդեցությունից։ Եթե գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային կամ արտաքին ծախսային գործոններով և չի փոխանցվում լայն կազմով կամ ընդգրկմամբ սպառողական զամբյուղին, ապա դրա ազդեցությունը սովորաբար ավելի սահմանափակ է։ Ներկայում Հայաստանի տնտեսության համար կարևոր դրական հանգամանք է այն, որ գնաճային արագացումը տեղի է ունենում պահպանվող տնտեսական ակտիվության և կայուն ֆինանսական համակարգի պայմաններում։ Արդեն նշեցի, որ տնտեսական ակտիվությունը շարունակում է պահպանվել բավականին բարձր աճի տիրույթում, իսկ ֆինանսական շուկաներում ռիսկերի ընկալումները մնում են վերահսկելի մակարդակներում։

Փոխարժեքի մասով հարկ է ընդգծել, որ ԿԲ-ն չի իրականացնում փոխարժեքի մակարդակի թիրախավորում։ Սակայն, միևնույն ժամանակ, գների կայունությունը հանդիսանում է ազգային արժույթի նկատմամբ վստահության պահպանման կարևորագույն նախապայման։ Ցածր և կանխատեսելի գնաճը նպաստում է ֆինանսական կայունությանը, նվազեցնում է ներդրումների ռիսկի հավելավճարը և աջակցում ներդրումային միջավայրի կանխատեսելիությանը։

ՀՀ-ում ձևավորված տնտեսական իրավիճակը պահանջում է ակտիվ մշտադիտարկում և հավասարակշռված ու համարժեք դրամավարկային քաղաքականություն։ Վստահաբար պետք է արձանագրել, որ ԿԲ գործիքակազմը և գործող քաղաքականության դիրքավորումը բավարար հիմքեր են ձևավորում միջնաժամկետ հատվածում գնաճի վերադարձը նպատակային մակարդակին ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում