Մշակույթ

Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները նույն էթնիկ հանրության մտքի արգասիք են. Կարեն Թոխաթյան

16 րոպեի ընթերցում

Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները նույն էթնիկ հանրության մտքի արգասիք են. Կարեն Թոխաթյան

Մարդկության պատմության վաղնջական ժամանակներից դարերի անխախտ ընթացքով մեզ հասած համր ու պատկերավոր ուղերձ են ժայռապատկերները, որոնք ավանդում են նախնյաց կենսակերպի, նրանց ապրումների, հույզերի ու ձգտումների մասին՝ դառնալով ապառաժներին հավերժացած կապի միջոց սերունդների միջև: Դա հույժ կարևոր տեղեկատվություն է, որը ոչ միայն թույլ է տալիս պատկերացում կազմել տասնյակ հազարավոր տարիներ առաջ մարդկանց կյանքի կազմակերպման մասին, այլև, որ ավելի կարևոր է, ոճային նմանությամբ ու ընդհանրացմամբ նույնականացնել տվյալ տարածքում ապրողների կամ հաստատվածների խմբին, որոնք հետագայում կարող էին ազգերի ձևավորման կորիզը դառնալ: Հայաստանում, ընդհանրապես, Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ժայռապատկերներն ունեն ոճային հստակ առանձնահատկություններ, որոնք չեն հանդիպում այլ երկրներում և տարածաշրջաններում: Այդ անկրկնելի նշանները ժամանակի ընթացքում ժայռերից փոխադրվել և վերարտադրվել են զուրօրինակ գորգերի վրա՝ ձևավորելով հայկական ոճը:

Այսպիսի հետաքրքիր մանրամասներով ուղեկցվեց «Արմենպրես»-ի հարցազրույցը ժայռապատկերների և հնագույն հուշարձանների բազմամյա հետազոտող, անվանի գիտնական Կարեն Թոխաթյանի հետ, որը սկսեցինք նրա հեղինակած «Հայաստանի ժայռապատկերները» բացառիկ գրքին անդրադարձով, իսկ ավարտեցինք՝ Կենդանակերպի նշանների հայկական ծագման մասին տեսությամբ:   

- Փաստագրական ինչպիսի՞ նյութ է պարունակում այս աշխատությունը:

- Հայաստանի ժայռապատկերների ուսումնասիրության 140-ամյա պատմությունը ներկայացնող տեքստն ուղեկցվում է 137 գունավոր աղյուսակներով, որոնցում նշված են պատկերների գտնվելու վայրը, հայտնաբերման տարեթիվը և հայտնաբերողը: Գրքի երկրորդ և երրորդ մասերը համապատասխանաբար նվիրված են փաստագրական նյութերի վերլուծությանը և դրանից բխող ենթադրություններին ու եզրակացություններին: Եզրափակիչ հատվածում այս ամենի հանրագումարում քննության են առնված արվեստի և գիտության ծագման որոշ հիմնահարցեր:

- Որքանո՞վ են ուսումնասիրված Հայաստանի ժայռապատկերները, հետաքրքիր ի՞նչ մտորումների կամ եզրահանգումների եք հանգել:

- Հայաստանում ժայռապատկերների ուսումնասիրության տարեգրությունը բաժանել եմ հինգ փուլի: Առաջինը ներառում է 5-7-րդ դարերը. ներկայացված են Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու հիշատակումները: Երկրորդը՝ նկարագրական հաղորդումների փուլն է, որը սկսվում է 1886 թվականից, երբ հայտնաբերվեց Մաստարայի ժայռապատկերը: Այս փուլը հասնում է մինչև 1925-27 թվականներ՝ Աշխարհբեկ Քալանթարի գիտարշավների ժամանակահատված, որի ընթացքում նա Արագածում հայտնաբերեց 24 ժայռապատկերներ: Ի դեպ, դրանց մասին իմացանք 1966 թվականին:

Երրորդն արդեն 1960-85 թվականներին տեղի ունեցած նպատակային գիտարշավների փուլն է՝ ամփոփված հնագետներ Հարություն Մարտիրոսյանի, Գրիգոր Կարախանյանի, Սանդրո Սարդարյանի, ճարտարապետ Սուրեն Պետրոսյանի, պատմաբան Արգամ Այվազյանի աշխատանքներում և հրապարակումներում: Չորրորդ փուլը, կարծում եմ, սկսվում է 1986 թվականից՝ իմ ձեռնարկած հետազոտություններով: Հինգերորդ փուլն էլ ժայռանկարների և հարակից մարդակերտ միավորների՝ բնապատմական միջավայրում եռաչափ բաշխման թվային քարտեզ-շտեմարանի ստեղծումն է։

- Քանի՞ ժայռապատկեր եք գրանցել ու հանրայնացրել Ձեր ուսումնասիրությունների ընթացքում:

- Դժվար է ասել: Օրինակ, Գեղամա լեռներում 6-7 հազար ժայռապատկերներ եմ դիտարկել, որոնց մի մասը հայտնաբերվել էր 1970-81 թվականներին և հրատարակվել էր արտանկարներով: Դրանցից, հավանաբար, նորահայտ էին շուրջ 3 հազարը:

Արագածում մինչև մեր գիտարշավները հայտնի էր ընդամենը 24 ժայռապատկեր, այն էլ՝ առանց տեղորոշման: Այժմ արդեն գրանցված են 1008-ը՝ լուսանկարներով ու գտնվելու վայրի կոորդինատներով: Մյուս խոշոր կուտակումը Սյունիքի լեռներում է. Ուխտասարի 800 ժայռապատկերի արտանկար է հրապարակել Գ. Կարախանյանը: Ես գրանցել եմ ևս 500, իսկ հայ-գերմանական արշավախումբը՝ 2 հազար կոթող: Փաստորեն, ՀՀ տարածքում կան մոտավորապես 10-12 հազար ժայռապատկերներ: Իմ ձևավորած՝ Հայ մշակույթի քարտեզ-շտեմարանում ներկայացված են դրանցից 9 հազարի լուսանկարներն ու կոորդինատները:

Իսկ Մեծ Հայքի տարածքում ժայռապատկերներն ամենից շատ են Շատախի լեռներում՝ Տիրիշին հնավայրում կա մոտ 1500 կոթող: Ավելի հարավ՝ Գավառակի լեռներում 1968 թվականին նկատվել են շուրջ 500 ժայռապատկերներ: ՀՀ հարթավայրային մասերում մոտ 100 ժայռապատկերներ կան առանձին գյուղերի մոտ: Հավանաբար, մոտ 3 հազարն էլ կլինի Լեռնային Ղարաբաղի տարածքում: Մեծ Հայքի անտառապատ, ոչ քարաշատ տարածքներում ժայռապատկերները հազվադեպ են:

- Կարո՞ղ ենք ասել, որ ժայռապատկերների բովանդակությունը տարբերվում է՝ ըստ գտնվելու վայրի:

- Որսի տեսարաններն ամենուր են: Պատկերված են նաև մարդուն շրջապատող կենդանիներ, ինչպես նաև մարդը՝ իր գործունեության տարբեր ասպարեզներում: Բայց առանձնահատկություններ, այնուհանդերձ, կան: Օրինակ, Արագածում ձիու և սայլի պատկեր չկա, իսկ Գեղամա լեռներում դրանք հաճախակի են հանդիպում: Նմանապես, առյուծի և հովազի պատկերները շատ են Գեղամա, Վայքի, Սյունիքի, Քարվաճառի լեռներում, իսկ Արագածում դեռ չեն նկատվել: Կամ, Ուխտասարում և Վայքի լեռներում հազվադեպ են քարտեզ-գծագրերը ու գիտական մտքի այլ դրսևորումները, փոխարենը՝ պատկերներն ունեն արվեստայնության բարձր մակարդակ. նկարված են շատ գեղեցիկ՝ հսկայական քարերի վրա:

Գեղամա լեռներում շատ են գիտական մտքի դրսևորումները՝ աստղագիտական գրանցումներ, օրացույցներ, տեղանքի քարտեզներ և այլն: Կարծես, այստեղ աշխատել են հնագույն քրմական գիտելիքների կրողները, որոնք զբաղվում էին լուսատուների և երկնային երևույթների դիտումներով:

Համեմատելով Արագածի, Գեղամա, Սյունիքի, Վայքի, Քարվաճառի լեռների, Նախիջևանի և Շատախի ժայռարվեստը՝ հանգում ես եզրակացության՝ բոլորը նկարված են նման ոճով, ունեն գրեթե նույն թեմատիկան: Սա նշանակում է, որ դրանք նույն էթնիկ հանրության մտքի արգասիքն են: Դա շատ կարևոր հանգամանք է:

Նկատեմ, որ թուրք հեղինակները չեն կարողանում համադրել Շատախի և Նախիջևանի հնագույն ժայռապատկերները. նրանցից մի քանիսը միայն նշել են, որ Հայաստանի Հանրապետությունում էլ կան քարայծերի որսի այդպիսի տեսարաններ: Իսկ ահա Կարսի, Կաղզվանի մոտակա միջնադարյան պատկերները հեշտորեն, և իրավամբ նմանեցնում են իրենց բնօրրան Կենտրոնական Ասիայի, Ալթայի և Սիբիրի ժայռապատկերներին՝ անկասկած զգալով էթնիկ հարազատություն դրանց հետ:

Հայաստանի ժայռապատկերների բովանդակային բազմազանությունը բաժանել եմ 4 հիմնական խմբի՝ բնություն, մարդու առօրյա, արարման արդյունքներ և ներաշխարհ: Սրանցում առանձնացրել եմ 31 թեմատիկ ենթախումբ: Մինչդեռ, Իտալիայի Վալկամոնիկա հնավայրում առկա են 6-7 ենթախմբերին, իսկ Շվեդիայում՝ միայն 2-3-ին համապատասխանող պատկերներ: Այնտեղ չկան օրացույցներ, քարտեզներ, պաշտամունքային պատկերներ, հաշվանքի միջոցներ:

- Մոտավորապես ե՞րբ են ստեղծվել Հայաստանում հայտնաբերված ամենահին ժայռապատկերները:

- 7-2-րդ հազարամյակների միջև՝ ոչ ավելի վաղ և ոչ ավելի ուշ: Սրանք կատարյալ բովանդակության գործեր են, որոնք կարելի է համեմատել միայն Հյուսիսային Իրանում և Իտալիայում եղածների հետ:

Ժայռապատկերների մոտավոր տարիքը կարելի է որոշել՝ փորձելով պարզել, թե մոտավորապես երբ կարող էր լինել դրանում պատկերված առարկան կամ երևույթը: Լինելով կրթությամբ աստղաֆիզիկոս՝ նկատել եմ, օրինակ, որ Սևսարի երկնադիտարանի և մոտակա Վարդենյաց լեռնանցքի ժայռերին պատկերված Առյուծի համաստեղությունը մի փոքր տարբերվում է դրա այսօրվա տեսքից: Հայտնի է, որ հազարամյակների ընթացքում աստղերը փոխում են իրենց դիրքը, այսինքն՝ համաստեղության ուրվագիծը: Հաշվարկների միջոցով պարզեցի, որ Առյուծի համաստեղությունը տվյալ վայրից այսպիսի տեսք կարող էր ունենալ մոտավորապես 4500 տարի առաջ՝ մոտ 200 տարվա ճշգրտությամբ: Սա կոչվում է բացարձակ թվագրություն:

Սակայն, ի՞նչ կարող է տալ շուրջ 10 հազար ժայռապատկերներից մեկի թվագրումը: Այդ մեկը դառնում է թվագրման կարևորագույն փարոս: Եթե տվյալ ժայռապատկերը 4500 տարեկան է, ուրեմն դրան կից մյուս 10 ժայռապատկերները ևս պետք է լինեն մոտավորապես նույն տարիքի: Մի կարևոր հանգամանք. աստղային համաստեղություն, օրացույց, քարտեզ փորագրելը շատ բարդ է՝ դա սովորական այծաորսի տեսարան չէ: Ուրեմն, եթե համաստեղության պատկերը 4500 տարեկան է, ապա կենդանիների և որսի տեսարաններով՝ ավելի պարզ, նկարագրական բնույթի ժայռապատկերները պետք է որ ավելի հին լինեն:

Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես, ՀՀ տարածքում ժայռափորագրական ի՞նչ ժամանակային փուլեր կարելի է առանձնացնել:

- Հարություն Մարտիրոսյանը հանճարեղ կռահում էր արել. հնագույն մարդը ժայռի վրա շատ մեծ չափի որսակենդանի և առանց որսորդի նկար փորագրելով՝ կարծես արտացոլել է իր որսի նպատակը, թիրախը՝ սրան պետք է որսա հանուն իր կենսաապահովման: Մոտ մեկ-երկու հազարամյակ անց հաճախակի է դառնում գիշատիչների դեմ պայքարի սյուժեն: Որսորդը կամ նկարիչը, կարծես, ցանկացել են ընդգծել՝ սրան պետք է վնասազերծել ու խափանել իրենց ու որսի կենդանուն սպառնացող վտանգը:

- Այդ ամենը մարդու մտավոր զարգացման ու աշխարհընկալման առաջընթացին զուգահե՞ռ է փոխվել:

- Նշածս միտումը նկատվում է նաև Իսպանիայում և Ֆրանսիայում հայտնաբերված ավելի հին շրջանի՝ 35-20-րդ հազարամյակների ժայռանկարներում: Սա հանգեցնում է այն մտքին, որ այդ հեռավոր ժամանակներում մարդիկ տարբերություն չեն զգացել իրենց և կենդանիների միջև, դրանից ելնելով էլ որսի պահերին կրել են կենդանիների դիմակներ, արձակել դրանց բնորոշ ձայներ: Իսկ որսալուց հետո ներողամտություն են հայցել սպանած կենդանու ոգուց: Դա, իհարկե, ենթադրություն է, բայց ներառում է բնապահպանական հետաքրքիր մտայնություն:

- Ժայռապատկերների և մշակութային մյուս ոլորտների միջև կապ նշմարվո՞ւմ է:

- Անգամ մեր գրերի ստեղծման մասին ավանդությունում կա ժայռերին փորագրելու դրվագ: Ըստ Մովսես Խորենացու՝ Մեսրոպ Մաշտոցին տեսիլք է երևում այն մասին, որ Աստծո աջն է քարի վրա դրոշմում հայոց ձայնավոր տառերը, որոնք պահպանվում են ինչպես ձյան վրա: Պատմահայրը հիշատակել է նաև, որ Տորք Անգեղը եղունգներով ճեղքում էր պինդ քարերը, տախտակներ ձևավորում և վրան փորագրում արծիվներ և այլ պատկերներ:

Ուշագրավ է հատկապես 7-րդ դարի հայ փիլիսոփա և աստղագետ Անանիա Շիրակացու միտքն այն մասին, որ մեր նախնիների զգայարանները շատ ավելի զգայուն էին, ինչի շնորհիվ կարողացել են նկատել ոչ միայն Արեգակի ընթացքը, այլև քարերին դրոշմել և ճանաչել բոլոր լուսատուների շարժումները: Սա խոսք է հենց աստղագիտական ժայռապատկերների մասին:

Ի դեպ, աշխարհում առաջին անգամ Հայաստանում է գիտական մամուլում անդրադարձ կատարվել ժայռապատկերներին: 1886 թվականին Ս․ Էջմիածնի «Արարատ» ամսագրում, որն այն ժամանակ միակ գիտական հանդեսն էր Կովկասում, ներկայացվել էր Մաստարայի՝ նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ժայռապատկերների մասին նյութ: Հեղինակը՝ արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցը, փայլուն կերպով էր բնորոշել ժայռապատկերները՝ «երջանիկ նախնյաց՝ մեզ ավանդած հնության նշխարհներ»:

Ուսումնասիրություններիս ընթացքում պարզեցի, որ այդ տարիներին աշխարհում հրատարակվում էր մոտ 15 գիտական ամսագիր՝ «Արարատ»-ը ներառյալ: 3-ականը՝ անգլիական, իսպանական և ռուսական էին, 2-ականը՝ ֆրանսիական ու գերմանական, 1-ը՝ ամերիկյան: Դրանցից ոչ մեկում ժայռապատկերների մասին նյութ չէր զետեղվել:

- Ի՞նչ եզրակացության եք հանգել տիեզերաբանական բովանդակության հուշարձանների վերլուծության և օրացույցի սկզբնավորման հիմնահարցերն ուսումնասիրելիս:

- Հայաստանը հնագույն աստղագիտության օրրան է: Նախորդ 60 տարիներին հայտնաբերվել և աստղագիտական իմաստի առումով մեկնաբանվել են տասնյակ ժայռապատկերներ և հնաաստղագիտական կառուցվածքներ։ Ընդ որում, բնավ ծանոթ չլինելով հայոց մշակույթին ու պատմությանը, բանահյուսությանը և տիեզերածնական դիցաբանությանը՝ ամերիկյան աստղագետ-պատմաբան Ուիլյամ Օլքոթը դեռևս 1910 թվականին բացահայտել էր, որ Կենդանակերպի նշանների ծագման վայրը՝ 36-42° լայնությունների միջև է, Եփրատի  հովտում և Արարատի  շրջակայքում: Ավելին՝ Կենդանակերպի նշանների բոլոր ութ կենդանիները միաժամանակ հանդիպում են միմիայն Հայկական լեռնաշխարհում։ Եվ, այդ համաստեղությունները, նույն տարածքից և մեկտեղ կարող էին դիտվել միայն մ.թ.ա. 30-28-րդ դարերում:

Ուշագրավ է, որ Կենդանաշրջանի ձևավորման տեղի մասին՝ համաշխարհային մշակույթի ու պատմության համար առանցքային այս տեսությանը ծանոթ էր ամենայն հայոց բանաստեղծը: 1921 թվականին Հովհաննես Թումանյանը գրել է. «Հնագույն Հայաստանի բնակիչները ինչքան են կապված եղել երկնային լուսատուների հետ, արդյոք աստղերի պաշտամունքն ու գիտությունը զարգացած է եղել նրանց մեջ, և կամ աստղերով զբաղվելու և աստեղացնելու սեր ու հակում են ունեցած, թե չէ։ Հնագույն Հայաստանի բնակիչները, որսկան, հովիվ ու անասնապահ, միշտ բաց երկնքի տակ, իրենց բարձր երկնամերձ աշխարհքում միշտ խոսել են աստեղազարդ երկնքի հետ։ Եվ գիտնականները հաստատել են արդեն, թե էն հնագույն շրջանը, որ աստեղատունները որոշել ու աստղերին անուններ է տվել, եղել է Փոքր Ասիան  և Փոքր Ասիայի մեջ հատկապես հիշատակում են Հայաստանը : Ասում են, աստղերի հնագույն անունները կրում են էն գործիքների անունները, որոնք գործ են ածվել էդ երկիրներում, էն կենդանիների անունները, որ հայտնի են եղել էդ երկիրներում, և էն լեզվով, ինչ լեզվով խոսել են էդ երկիրների հին բնակիչները»:

Նրա այս մեկնաբանումն ու տեղայնացումն առավել ամրապնդում է Ու. Օլքոթի  տեսության հիմքերը, մեծապես նպաստելով աստղագիտության պատմության զարգընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում