Քաղաքականություն

Երևանում եվրոպացի լիդերների գագաթնաժողովի անցկացումը կմեծացնի Հայաստանի նկատմամբ միջազգային վստահությունը. հունգարացի փորձագետ

6 րոպեի ընթերցում

Երևանում եվրոպացի լիդերների գագաթնաժողովի անցկացումը կմեծացնի Հայաստանի նկատմամբ միջազգային վստահությունը. հունգարացի փորձագետ

Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Պետեր Կրանիցի կարծիքով՝ այն փաստը, որ եվրոպացի առաջնորդները մայիսին հավաքվելու են Հայաստանում, մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացի նկատմամբ, ինչն էլ իր հերթին կարող է ամրապնդել ու խթանել տարածաշրջանային խաղաղության ջանքերը։

Պետեր Կրանիցն այս մասին նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի նշանակությանն ու կարևորությանը։

Փորձագետը նաև մատնանշել է, որ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային այլ երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար։

-Պարոն Կրանից, Ձեր կարծիքով՝ ի՞նչ քաղաքական ուղերձ է կրում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում։  

-Այն հանգամանքը, որ գագաթնաժողովը տեղի է ունենում Երևանում, ապացուցում է, որ Հայաստանը և Հարավային Կովկասը Եվրոպական հարևանության անբաժանելի մասն են կազմում։ Սա Եվրոպայից հղված հզոր ուղերձ է այն մասին, որ եվրոպական հանրությունն ամբողջությամբ չի լքել տարածաշրջանը և Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանային մյուս երկրներին համարում է մտերիմ գործընկեր ու պոտենցիալ դաշնակից։ Միևնույն ժամանակ, մենք պետք է իրատես լինենք և գիտակցենք, որ այն չի փոխի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը և չի փոխի խաղի կանոնները Հայաստանի եվրոպական հեռանկարում։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի պատմական նշանակությունը։

-Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և տարածաշրջանային այլ երկրների, ինչպիսիք են Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար: Եթե Հայաստանը կարողանա ամրապնդել իր տնտեսական ինտեգրումը եվրոպական շուկաներում, դա կարող է նպաստել նաև Վրաստանի եվրոպական ուղու հետագա զարգացմանը, ինչպես նաև կարող է խթանել ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումը: Գագաթնաժողովը նաև Ռուսաստանին ուղղված ուժեղ ուղերձ է. այն ցույց է տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում Մոսկվայի կողմից Հայաստանին տրամադրված բոլոր տնտեսական և քաղաքական ներդրումները բավարար չեն եղել, և եթե Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում լինի կայուն տնտեսական գործընկեր, ապա այն պետք է առաջարկի ավելին, քան պարզապես շուկաներ:

-Կարո՞ղ ենք ասել, որ սա նոր փուլ է Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին։

-Անկասկած, մենք կարող ենք ակնկալել Հայաստանից և Եվրոպական միությունից տնտեսական և քաղաքական համագործակցության ամուր հանձնառություններ, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին կհանգեցնի եվրոպական շուկաներին Երևանի լիարժեք անդամակցության: Աշխարհագրությունը երբեք չի փոխվի, Եվրոպայի և Հայաստանի միջև ֆիզիկական, իրավական և անձնական կապը կմնա համեմատաբար ցածր՝ Հայաստան-Ռուսաստան գործընկերության համեմատությամբ:

-Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն հիմնական ոլորտները, որոնցում Հայաստանն ու Եվրամիությունը կարող են խորացնել համագործակցությունը մոտ ապագայում։

- Ոլորտներից մեկը, որում եվրոպական տեխնոլոգիաներն ու կապիտալը կարող են ամրապնդել, Հայաստանի տնտեսության դիմակայությունն է, էներգետիկան է, մինչդեռ դա ռազմավարական ոլորտ է, որտեղ զգալի կախվածությունները սահմանափակում են Հայաստանի մանևրելու հնարավորությունները արտաքին հարաբերություններում: Եվրոպական ընկերություններն ունեն համապարփակ գործիքակազմ՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, ինչպիսիք են հիդրոէներգիան և երկրաջերմային էներգիան, կենսազանգվածը, ինչպես նաև որոշ կանաչ տեխնոլոգիաներ՝ քամուց մինչև արևային: Եվրոպական ընկերությունները կարող են նաև նպաստել TRIPP նախագծի զարգացմանը կամ կիսվել սահմանային համագործակցության լավագույն փորձով: Եվրոպան պետք է պատրաստ լինի ներմուծել ավելի շատ հայկական արտահանվող ապրանքներ, ինչպիսիք են գյուղատնտեսական և ալկոհոլային արտադրանքը, քանի որ դրանք բարձր որակ ունեն. սա պահանջում է լիցենզավորում և համատեղ ջանքեր մարքեթինգի ոլորտում: Եվրոպան պետք է ավելի շատ ներգրավված լինի Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական և ծառայությունների ոլորտում, մինչդեռ Հայաստանը կարող է ավելի շատ զարգացնել իր զբոսաշրջային ենթակառուցվածքները:

-Ինչպե՞ս կարող է այս գագաթնաժողովը ազդել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։

- Այն պարզ փաստը, որ եվրոպացի առաջնորդները հավաքվում են Հայաստանում՝ Իրանի անմիջական հարևանությամբ, և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վավերացումից առաջ, մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի կայունության և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ, ինչն ինքնին կարող է ամրապնդել և խթանել տարածաշրջանային խաղաղության ջանքերը։

-Պարոն Կրանից, կարո՞ղ է Հայաստանը դառնալ ԵՄ-ի համար կարևոր տարանցիկ էներգետիկ գործընկեր։

-Երբ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները բացվեն, կասպիական էներգիան կարող է հոսել Եվրոպա ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի միջոցով, ինչը կդիվերսիֆիկացնի անվտանգ էներգամատակարարման շղթաները և նույնիսկ հնարավոր է՝ մեծացնի առևտրի ծավալը, հետևաբար, Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության շատ կարևոր գործընկեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում